Ընդդիմության պայքարի մեթոդներն ահավոր հնացած են, նրանք ի՞նչ պետք է անեն տոնական օրերին հրապարակում
PoliticsՀանրաքվեից հետո մինչ օրս «Նոր Հայաստան» նախաձեռնության անդամները գտնվում են Ազատության հրապարակում: Ըստ թիմի անդամների խոսքերի՝ իրական ընդդիմությունը պետք է պայքար ծավալի փողոցում՝ սեփական նպատակներին հասնելու համար: Թե որքանով է ընդունելի ընդդիմության նման պահվածքն իշխող կուսակցության ներկայացուցիչների համար, Orer.am-ը պարզեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանից:
«Կարծում եմ, որ Ազատության հրապարակվում հավաքված մարդիկ որեւէ լուրջ բանի չեն հասնի: Կար ավելի հարմար ժամանակ, երբ քննարկվում էր, իսկ հիմա արդեն տոնական օրերն են մոտենում ու մարդիկ տոնական տրամադրության մեջ են: Համարում եմ, որ սխալ է մարդկանց տոնական տրամադրությունները փչացնելը: Ես տրամաբանությունը չեմ հասկանում, տոնական օրերին Ազատության հրապարակում ի՞նչ պետք է անի ընդդիմությունը: Ես չեմ կարծում, որ նրանք որեւէ լուրջ բան կանեն»,- ասաց պատգամավորը:
Անդրադառնալով նաեւ ընդդիմության մարզային հանդիպումներին՝ ՀՀԿ-ական պատգամավորը նշեց, որ հիմնական խնդիրը ոչ թե հանդիպումներ կազմակերպելը պետք է լինի, այլ գաղափարախոսությունն ու դրա մատուցումը: «Խնդիրը մարդկանց հետ հանդիպումներ ունենալը չէ, նրանք պետք է պարզապես ասելիք ունենան, սա է հարցը: Ասեմ, որ հանդիպումներն արդյունք կարող են տալ այն ժամանակ, երբ կլինի հիմնավորված ասելիք ու մարդիկ էլ կհավատան դրանց: Շատ կարեւոր է, թե ասողն ով է, ինչ է ասում եւ ինչի համար»,- ասաց Լեռնիկ Ալեքսանյանը՝ անցում կատարելով ընդդիմության պայքարի մեթոդներին: Ըստ պատգամավորի՝ ընդդիմության պայքարի մեթոդներն ահավոր հնացած են: Նրանք փորձում են վարկաբեկել իշխանություններին, բայց դա պայքարին արդյունք չի տալիս, հետեւաբար, պետք է ասելիքը, քայլերի հերթականությունը, պայքարի մեթոդները փոխել:
Սոսե Չանդոյան