Քերին նշել է 2015 թվականի գլխավոր գործարքները
International newsԻրանի հետ միջուկային գործարքի կնքումը, կլիմայի վերաբերյալ համաձայնագիրը, Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերության ստեղծման մասին պայմանավորվածության ձեռքբերումը, ինչպես նաեւ Կուբայի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնումը 2015 թվականի գլխավոր արդյունքներն են ԱՄՆ-ի համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին հոդվածում, որը դեկտեմբերի 29-ին հրապարակում է «Բոստոն գլոբ» թերթը:
«Չկա ավելի կարեւոր բան, քան կլիմայի վրա առավել վնասակար ազդեցության կանխման վերաբերյալ վերջերս Փարիզում ձեռք բերված միջազգային համաձայնագիրը»,- նշել է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը:
Անդրադառնալով հուլիսին Իրանի միջուկային ծրագրի շուրջ Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրի ընդունմանը՝ պետքարտուղարը նշել է, որ Թեհրանը «այն ժամանակվանից սկսել է ապամոնտաժել իր միջուկային օբյեկտների կրիտիկական բաղադրիչները եւ դեկտեմբերի 28-ին երկրից դուրս է բերել զգալի խմբաքանակով հարստացված ուրան», հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: