ՄԻԵԴ-ը կքննի Թուրքիայում փողոց դուրս գալու արգելքների հարցը
International newsԹուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության փոխնախագահ ՄերալԴանըշ Բեշթաշը երկրի տարբեր նահանգներում պարբերաբար հայտարարվող փողոց դուրս գալու արգելքների հարցը տեղափոխել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrathaber.net-ը: Բեշթաշը նման որոշում է կայացրել այն բանից հետո, ինչ Թուրքիայի Սահմանադրական դատարանը մերժել է այս հարցով ներկայացված դիմումները:
ՄԻԵԴ ներկայացրած դիմումի մեջ նշվում է, որ օգոստոսի 16-ից մինչ օրս Թուրքիայի 18 գավառներում ընդհանուր հաշվարկով 54 անգամ անժամկետ փողոց դուրս գալու արգելք է հայտարարվել, որը տևել է օրեր: Բեշթաշն ընդգծել է, որ այդպիսով խախտվել է տեղի մարդկանց ապրելու իրավունքը, նրանք ենթարկվել են բռնությունների և արժանապատվությունը ոտնահարող արարքների, ինչը դեմ է Մարդու իրավունքների եվրոպական համաձայնագրին, որի տակ ստորագրել է նաև Թուրքիան:
ՄԻԵԴ-ին ուղղված դիմումի մեջ պահանջվում է ստիպել Թուրքիային վճարել նյութական և բարոյական փոխհատուցում: