El Pais-ին տված հարցազրույցի ժամանակ ՌԴ ԱԳ նախարար Ս. Լավրովը հայտարարել է, որ մալազիական “Բոինգ”-ի կործանումը Ուկրաինայի արևելքում շահարկվեց Ռուսաստանի դեմ տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցներ կիրառելու համար: "Մալազիական ինքնաթիռի կործանումը սարսափելի ողբերգություն էր: Սակայն այն ոչ միայն հարյուրավոր զոհերի պատճառ դարձավ, այլ նաև շահարկվեց, որպեսզի նպատակային կերպով ավելացվի միջազգային բացասական լարվածությունը ու դարձավ ճնշում գործադրելու գործիք և հակառուսական սեկտորային սանկցիաների երկարաձգման համար պատճառաբանություն,- նշել է Լավրովը: Ընդ որում, վերջինս նաև նշել է, որ ինքնաթիռի կործանումը հետաքննող միջազգային խմբի անդամ որոշ երկրներ առանձնապես հետաքրքրություն չեն ցուցաբերում հավաստի ու անաչառ հետաքննություն անցկացնելու համար: Միաժամանակ Լավրովը հավաստիացրել է, որ անթույլատրելի է հետաքննության արգելակումը: Խոսելով Ուկրաինական ճգնաժամի մասին, ռուս դիվանագետն ասել է, որ ՆԱՏՕ-ն սադրում է Կիևին խնդիրը ուժային ճանապարհով լուծելու համար: