Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հետևել է ձնամաքրման և ձնահեռացման աշխատանքների ընթացքին
Politics
Նախորդ գիշեր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շրջայց է կատարել մայրաքաղաքի վարչական
շրջաններում և տեղերում հետևել շուրջօրյա ռեժիմով իրականացվող ձյան մաքրման ու կուտակված ձյան
հեռացման աշխատանքների ընթացքին: Տեղերում աշխատանքները վերահսկող վարչական շրջանների
ղեկավարները քաղաքապետին զեկուցել են, որ դեկտեմբերի 30-ի երեկոյից մեկնարկած ձնամաքրման
աշխատանքներն անցած երեք օրերի ընթացքում, ըստ էության, չեն ընդհատվել: Նաև զեկուցվել է, որ հաշվի
առնելով ձյան չդադարող տեղումների հանգամանքը, ձնամաքրման աշխատանքներն իրականացնող «Սանիտեք»
ընկերությանն աջակցելու նպատակով, աշխատանքներում ներգրավվել են վարչական շրջանների կոմունալ և
կանաչապատման ծառայությունների համապատասխան աշխատակիցներն ու մեքենամեխանիզմները: Բացի այդ,
նաև նշվել է, որ քաղաքապետի կողմից ձեռքբերված պայմանավորվածությունների արդյունքում, որոշ
կազմակերպությունների համապատասխան մեքենամեխանիզմները ևս արդեն իսկ ներգրավվել են ձյան մաքրման ու
ձնահեռացման աշխատանքներում:
Շնորհակալություն հայտնելով ձնամաքրման աշխատանքներում ներգրավված բոլոր աշխատողներից ու
պատասխանատուներից, քաղաքապետ Տարոն Մարգարյանն այնուամենայնիվ նկատել է, որ այն դեռևս բավարար
չէ ու չի կարող գոհացնել:
«Հասկանալի է, որ չդադարող ձյան պայմաններում դժվար է հանրության համար առավել տեսանելի դարձնել
իրականացվող աշխատանքների արդյունքը: Մեզ համար այս պահին առաջնահերթը մայրաքաղաքի
տրանսպորտային հոսքերի երակները բաց պահելն է, որը արվում է: Թեկուզ այն, որ չնայած երեք օր շարունակ
առատ տեղացող ձյանը մայրաքաղաքում չունենք փակ փողոց, դա միանշանակ իրականացվող աշխատանքի
արդյունք է: Ինչ խոսք, կատարվող աշխատանքները դեռևս բավարար չեն և անելիք դեռ շատ կա: Բայց ես
համոզված եմ, որ նման նվիրումով աշխատանքի արդյունքում ամեն ինչ կարվի պատշաճ մակարդակով: Ի դեպ, ինձ
զեկուցեցին, որ ձնամաքրման աշխատանքներում ներգրավված շուրջ 500 աշխատակիցներ Ամանորը դիմավորել
են մայրաքաղաքի փողոցների ձյունը մաքրելով: Անկեղծորեն շնորհակալ եմ բոլոր այդ մարդկանցից, նաև բոլոր
նրանցից, ովքեր դեկտեմբերի 30-ից մինչ այս պահը օր ու գիշեր աշխատել և աշխատում են, որպեսզի
մայրաքաղաքում հնարավորին մեղմվի անդադար տեղացող ձյան պատճառով առաջացող դժվարությունները», -
ընդգծել է քաղաքապետը:
Հաշվի առնելով օթերևույթաբանների կանխատեսումները, Տարոն Մարգարյանը հանձնարարել է շարունակել
շուրջօրյա ռեժիմով ձնամաքրման աշխատանքների իրականացումը, իսկ տեղումների դադարից անմիջապես հետո
բոլոր ուժերը կենտրոնացնել մայրաքաղաքի փողոցներում կուտակված ձյունը արագ տեղափոխելու և բակային
տարածքների ձնամաքրման աշխատանքների վրա:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն