Բահրեյնում բողոքներ են սկսվել Սաուդյան Արաբիայում քարոզչի մահապատժից հետո
International newsԲահրեյնի ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ, որոնք հունվարի 2-ին փողոց էին դուրս եկել ՝ Սաուդյան Արաբիայում մահապատժի ենթարկված շիա քարոզիչ Նիմր ալ -Նիմրի պատկերով պաստառներով: Ընդհարումները տեղի են ունեցել շիաներով բնակեցված Աբու Սայբա բնակավայրում՝ մայրաքաղաք Մանամայից արեւմուտք, հայտնում է «ՌԲԿ»-ն վկայակոչելով Reuters–ը:
Այսօր ավելի վաղ իրանցի հեղինակավոր աստվածաբան, այաթոլա Ահմատ Հաթամին կանխագուշակել էր, որ Սաուդյան Արաբիայում մահապատժի ենթարկված շիա քարոզիչ Նիմր ալ -Նիմրի մահը կհանգեցնի թագավորությունում կառավարող Սաուդների արքայատոհմի տապալմանը:
Ավելի վաղ, հունվարի 2-ին, Սաուդյան Արաբիայի ՆԳՆ-ն հայտնել էր ահաբեկչության համար դատապարտված 47 մարդու մահապատժի մասին: Նրանցից մեկը երկրի շիա փոքրամասնության ականավոր ներկայացուցիչ շեյխ Նիմր ալ –Նիմրն էր, որին 2012 թ. էին կալանավորել Ալ Քաթիֆ նավթառատ նահանգում զանգվածային անկարգություններ հրահրելու մեղադրանքով: