Լոնդոնը ապաստան է տրամադրել ոտքով Լա մանշի տակով անցնող թունելը հաղթահարած սուդանցուն
International newsՊաշտոնական Լոնդոնը ապաստան է տրամադրել սուդանցի Աբդուլ Հարունին, որն անցած տարի Ֆրանսիիայից Միացյալ թագավորության տարածք էր հասել՝ ոտքով հաղթահարելով Լա Մանշի տակով անցնող 50 կիլոմետրանոց թունելը:
Այս մասին հայտնել են Քենթերբերի քաղաքի թագավորական դատարանում՝ սուդանցի միգրանտի գործի քննության ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Սուդանցին տեսակապով էր հետեւել դատավարությանը: Նրա կողքին էին միգրանտների իրավունքների պաշտպանության շարժման ակտիվիստները, որոնք անմիջապես Հարունին են տրամադրել այն բնակարանի հասցեն, որը նրա ժամանակավոր ապաստանն է դառնալու:
Աբդուլ Հարունը Լա Մանշի տակով անցնող թունել էր մտել ֆրանսիական Կալե Կոկելե քաղաքից ու 12 ժամում հաղթահարել էր 50 կիլոմետրանոց ստորջրյա ճանապարհը: Այդ ամբողջ ընթացքում նա գրեթե լիակատար մթության մեջ էր քայլում, պարբերաբար սեղմվելով թունելի պատերին, երբ նրա կողքով 160 կմ/ժ արագությամբ սլանում էր «Եվրոսթար» գնացքը:
Երբ անցած տարվա օգոստոսի 4-ին 40 -ամյա տղամարդը հասել է Ֆոլքսթոն անգլիական քաղաք, նրան անմիջապես կալանավորեցին՝ երկաթգծային ճանապարհի երթեւեկությանը խոչընդոտելու մասին հոդվածի հիման վրա: Այդ ժամանակվանից ի վեր նա բանտում էր: