Սիրիական Մադայա քաղաքի բնակիչները սովամահ են լինում. ՄԱԿ
International newsՍիրիական Մադայա քաղաքի բնակիչները մահանում են սովից և հումանիտար օգնության շտապ կարիք ունեն: Նման նախազգուշացումով են հանդես եկել Սիրիայում հումանիտար գործունեության գծով ՄԱԿ-ի համակարգողներ Յակուբ Հելուն և Քևին Քենեդին, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
Դեկտեմբերի վերջին, համաձայն կառավարական ուժերի և զինված խմբավորումների միջև գործարքի պայմանների, Մադայայից և Զաբադանիից դուրս են բերվել տասնյակ մարդիկ, այդ թվում` վիրավոր գրոհայիններ և նրանց ընտանիքները:
«Գրեթե 42.000 մարդ շարունակում է մնալ Մադայայում` տառապելով սովից: ՄԱԿ-ը ստացել է վստահելի հաղորդագրություններ այն մասին, որ մարդիկ մահանում են սովից, իսկ եթե փորձում են լքել քաղաքը, նրանց սպանում են: Հունվարի 5-ին 53-ամյա տղամարդը մահացել է սովից, իսկ նրա ընտանիքը շարունակում է տառապել թերսնումից»,- ասվում է հայտարարությունում:
Վերջին անգամ սննդամթերքը Մադայա է բերվել նախորդ տարվա հոկտեմբերին։