Ի՞նչ գործ ունեք Վրաստանում, Ուկրաինայում. Էրդողանը քննադատել է Ռուսաստանին
International newsԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոսել է ԻՊ-ի կողմից Իրաքում գտնվող թուրքական բազայի վրա իրականացրած հարձակման մասին՝ հայտարարելով, որ այդ ժամանակ 18 ահաբեկիչ է սպանվել. տեղեկացնում է Milliyet-ը:
«Տեղի ունեցածն ապացուցում է, թե որքանով էր ճիշտ Բաշիքայում ճամբար ստեղծելու մեր որոշումը: Իրադարձությունները ցույց են տալիս, թե որքանով են պատրաստ մեր զինվորներն ու սպաները, որոնք ուսուցանում են տեղի ուժերին»,-ասել է Էրդողանը:
Միևնույն ժամանակ Էրդողանը խիստ քննադատության է ենթարկել Ռուսաստանին:
«Ռուսաստանն ասում է, որ իրենց Սիրիա է կանչել երկրի կառավարությունը: Սակայն Սիրիայի ներկայիս կառավարությունը լեգիտիմ չէ: Նրանք ասում են, թե ՄԱԿ-ն իրենց լեգիտիմ է համարում, սակայն ինչպե՞ս եղավ, որ նրանք ներխուժեցին Վրաստան: Ներխուժեցիք, քանի որ ձեզ կանչե՞լ էին: Ի՞նչ էր պետք ձեզ Վրաստանից: Ուկրաինա ինչո՞ւ ներխուժեցիք: Նրանք ասում էին, որ Սիրիայում պայքարում են ԻՊ-ի դեմ: Ո՛չ, նրանք Սիրիայում ռմբակոծում են չափավոր ընդդիմությանը, ինչպես նաև մեր թյուրքմեն ազգակիցներին»,-հայտարարել է Էրդողանը: