Վրաստանի նախագահը կոչ է արել անցնել ամբողջությամբ համամասնական ընտրական համակարգի
International newsՎրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին քաղաքական ուժերին ընտրական համակարգի բարեփոխումների հետ կապված խորհրդակցությունների կոչ է արել, տեղեկացնում է Գրուզիա Online-ը:
Խոսելով այն մասին, թե ինքն ինչու Ընտրական օրենսգրքի ընդունված փոփոխությունների նկատմամբ չի օգտագործել վետոյի իրավունքը, եթե դրանք իրեն դուր չեն գալիս, նախագահը նշել է, որ այդ օրենքը կատարում է այն պահանջները, որոնք առաջ են քաշվել Սահմանադրական դատարանի կողմից: Պետության ղեկավարի խոսքով, այսօրվա դրությամբ հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել, որովհետեւ բոլոր քաղաքական ուժերի միջեւ առկա է համաձայնություն այն մասին, որ լավագույն ելքը համամասնական համակարգին անցումն է: «Մեզ մոտ քաղաքական ուժերի միջեւ առկա է լիակատար համաձայնություն: 250 հազար վրացի ընտրող հաստատել է իր դիրքորոշումն առ այն, որ մեզ համար լավագույնը անցումն է համամասնական ընտրակարգի: Համապատասխանաբար, ես եւս մեկ անգամ ակտիվորեն կոչ եմ անում համագործակցության, որովհետեւ մենք բոլորս գիտենք եւ հասկանում ենք, թե ինչն է ավելի լավ: Ինչո՞ւ այսօր չիրականացնենք այդ լավագույնը, այլ սպասենք եւս 4 տարի: Ես եւս մեկ անգամ քաղաքական ուժերին խորհրդակցությունների կոչ եմ անում», - ասել է Մարգվելաշվիլին: