Փարիզում ոստիկանական բաժանմունքի վրա հարձակվողը բնակվել է գերմանական միգրանտների ճամբարում
International newsԳերմանական ոստիկանությունը հաղորդել է, որ հինգշաբթի Փարիզի ոստիկանության բաժանմունքի վրա հարձակում իրականացրած անձը բնակվել է Գերմանիայի արեւմտյան Ռեկլինգհաուզեն քաղաքի փախստականների ճամբարում: Ճամբարի խուզարկության ժամանակ այլ հարձակումների նախապատրաստման հետքեր չեն հայտնաբերվել:
Հայտնի չէ, արդյո՞ք նա 2015 թվականին Գերմանիա ժամանած մեծ թվով միգրանտների թվում է եղել: BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ, 2013 թվականին նա Ֆրանսիայում ձերբակալվել է գողության համար:
Հիշեցնենք, որ հունվարի 7-ին՝ հայտնի երգիծական «Charlie Hebdo» ամսագրի խմբագրության վրա հարձակման տարելիցին, տղամարդը դանակով եւ պայթուցիկներով փորձել է ներխուժել Փարիզի 18-րդ շրջանի ոստիկանական բաժանմունքի շենք: Ոստիկանները գնդակահարել են նրան: Ավելի ուշ ֆրանսիական իրավապահները հայտարարել են, որ պարզել են հարձակվողի ինքնությունը. նա մարոկկացի Սալլահ Ալին է: