Գերմանիայի Քյոլն քաղաքում հարձակվել են մի քանի ասիացու վրա
International newsԳերմանիայի Քյոլն քաղաքում նախօրեին հարձակվել են մի քանի ասիացու վրա, հայտնում է Deutsche Welle-ն։
Ինչպես տեղեկացրել են ոստիկանությունից, 20 մարդուց բաղկացած խումբը հարձակվել է 6 պակիստանցու վրա, ինչի հետեւանքով նրանցից 2-ը վնասվածքներով հոսպիտալացվել են։
Ավելի ուշ, dpa գործակալության տեղեկություններով, անհայտ անձինք հարձակվել են Սիրիայի 39-ամյա քաղաքացու վրա՝ թեթեւ վնասվածքներ պատճառելով նրան։ Դեռեւս հայտնի չէ, թե այս դեպքերը կապվա՞ծ են իրար հետ, թե՞ ոչ։
Express-ի փոխանցմամբ՝ մի խումբ ռոքերներ, ֆուտբոլային խուլիգաններ Facebook-ի միջոցով պայմանավորվել են Քյոլնի կենտրոնում մարդկանց որս կազմակերպել։ Ոստիկանությունը հրաժարվել է հաստատել այս տեղեկությունը՝ հայտնելով, որ հետաքննությունը պարզում է, թե արդյոք այդ հանցագործությունները կատարվել են մարդատյացության հողի վրա։
Բացի այդ, գերմանական լրատվամիջոցներում լուրեր են հայտնվել Լայպցիգում եւ Համբուրգում կանանց նկատմամաբ սեռական ոտնձգությունների մասին։