Լայպցիգում ներգաղթյալների դեմ անցկացված ակցիան չի արդարացրել կազմակերպիչների սպասումները
International newsՄի քանի հազար մարդ է մասնակցել ներգաղթյալների դեմ ուղղված երթին, որը հունվարի 11-ին Լայպցիգում անցկացվել է ՊԵԳԻԴԱ հակաիսլամական շարժման նախաձեռնությամբ, ինչի համար առիթ են ծառայել Ամանորի նախօրեին Քյոլնում կանանց վրա կատարված հարձակումները, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին: Ոստիկանությունը դրանց պատասխանատու է համարում ներգաղթյալներին:
Ակցիայի մասնակիցները բացականչում էին ազգայնական կարգախոսներ, ինչպես նաեւ վիրավորական արտահայտություններ էին հնչեցնում կանցլեր Անգելա Մերկելի հասցեին՝ անցյալ տարի ավելի քան մեկ միլիոն ներգաղթյալների ընդունելու որոշման համար:
Գերմանական մամուլը նշում է, որ ակցիայի մասնակիցների թվաքանակը զգալիորեն պակաս է եղել սպասվածից: Հարյուր հազարավոր մարդկանց փոխարեն, որոնց մասնակցությունն ազդարարել էր ՊԵԳԻԴԱ-ն, փողոց էին դուրս եկել, ըստ տարբեր տվյալների, մեկուկեսից մինչեւ երկու հազար բողոքավորներ:
Միաժամանակ քաղաքում տեղի է ունեցել ազգայնականության հակառակորդների ակցիան, որը հավաքել էր փոքր-ինչ ավելի շատ մասնակիցների՝ երկուսի մինչեւ երեք հազար մարդու: Միջոցառումների մասնակիցների ընդհարումներից հաջողվել է խուսափել, լուրջ միջադեպեր չեն գրանցվել:
Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիայի դաշնային երկրամասի ներքին գործերի նախարար Ռալֆ Եգերն ավելի վաղ հայտարարել է, որ Քյոլնում կանանց վրա հարձակումների մեջ կասկածվող բոլոր անձինք վերջերս Հյուսիսային Աֆրիկայից եւ արաբական երկրներից Գերմանիա ներգաղթածներն են եղել: