Հակամարտության գոտիներում 24 մլն երեխաներ դպրոց չեն հաճախում. ՅՈՒՆԻՍԵՖ
International newsՀակամարտությունների գոտիների վերածված 22 երկրներում ապրող շուրջ 24 մլն երեխաներ դպրոց չեն հաճախում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ):
«Հակամարտությունների ասպարեզ դարձած երկրներում երեխաները զրկվել են իրենց տներից, ընտանիքի անդամներից, ընկերներից, անվտանգությունից եւ հաստատված կարգից: Այժմ, չունենալով ընթերցանության եւ գրելու բազային հմտություններ ստանալու հնարավորություն, նրանք ենթարկվում են իրենց ապագայից եւ տնտեսության ու հասարակության մեջ ավանդ ներդնելուց զրկվելու վտանգին, երբ մեծանան»,- հայտարարել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի տնօրենի օգնական եւ կրթության գլոբալ բաժնի ղեկավար Ջո Բուռնը:
ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալներով՝ առավել մեծ թվով երեխաներ դպրոց հաճախելու հնարավորություն չունեն Հարավային Սուդանում, Նիգերում, Սուդանում եւ Աֆղանստանում:
2015 թվականին ավելի քան 200 հազար երեխաներ ապաստան են խնդրել Եվրամիությունում: Հակամարտությունների սպառնալիքի պատճառով ամբողջ աշխարհում շուրջ 30 մլն երեխաներ հարկադրված են եղել լքել իրենց տները: Ավելի քան 250 մլն երեխաներ ապրում են հակամարտությունների ասպարեզի վերածված տարածաշրջաններում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: