Պատգամավորը մինչև 2017թ. կոալիցիաների ձևավորման հնարավորություն չի տեսնում
PoliticsԱզգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը չի ակնկալում, որ մինչև 2017թ. որևէ քաղաքական ուժ իշխանությունների հետ կոալիցիա կկազմի: Հունվարի 13-ին լրագրողների հետ հանդիպմանը պատգամավորը, սակայն, չբացառեց, որ իշխանությունների հետ համագործակցության ինչ-որ ձևաչափեր կլինեն: «Օրինակ, ԲՀԿ- ն և ՀՅԴ-ն սահմանադրական բարեփոխումներին «այո» են ասել, մենք բյուջեին կողմ ենք քվեարկել: Իհարկե, մենք ընդդիմություն ենք ու ասում ենք, որ ընդդիմությունը «հրաժարական» գոռալով չի լինում: Սակայն սա չի նշանակում, որ դու կոալիցիայի մեջ պետք է լինես»,- Արմենպրեսի փոխանցմամբ՝ նշեց պատգամավորը:
Նա մանրամասնեց, որ քաղաքական ուժը, որը կոալիցիա է կազմում իշխանությունների հետ, կառավարության հետ միասին մեծ պատասխանատվություն է վերցնում: «Ի՞նչ եք կարծում, կուսակցությունները կցանկանան վերցնել պատասխանատվություն տնտեսական այս ծանր տարվա ընթացքում և այդ պատասխանատվության բեռով գնալ 2017թ. ընտրություններին: Շատ են ասում, թե եթե կոալիցիա չկազմեք, ի՞նչ ռեսուրս եք ունենալու ընտրությունների ժամանակ: Չկա նման բան: Պարտադիր չէ մարզպետ ու նախարար ունենալ ազդեցություն ունենալու համար: Պետք է համադրել՝ ո՞րն է լավ՝ մնալ ընդդիմություն, հնչեցնել ժողովրդի հոգուց բխող քննադատություն, թե լինել իշխանության մաս, վերցնել պատասխանատվություն և այդպես մոտենալ ընտրություններին: Այս երկուսը պետք է համադրել»,- ասաց Մելքումյանը:
Նա նաև կարծիք հայտնեց, որ մինչև 2017թ. հերթական խորհրդարանական ընտրությունները շատ քիչ ժամանակ է մնացել, իսկ քաղաքական կուսակցությունները նպատակահարմար չեն համարի այդ կարճ ժամանակահատվածում կոալիցիա կազմել: «2016թ. տնտեսական ամենածանր տարին է լինելու, դրա համար ես մի փոքր բարդ եմ համարում՝ չնայած որևէ բան չեմ բացառում: Դա քաղաքական կուսակցությունները կորոշեն: Իսկ ԲՀԿ-ի օրակարգում այս պահի դրությամբ նման հարց չկա»,- եզրափակեց Միքայել Մելքումյանը: