Սուքիաս Ավետիսյանը 2015թ. ձեռքբերում է համարում սահմանադրական բարեփոխումների անցկացումը
PoliticsԱզգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը 2015թ. կարևոր ձեռքբերում է համարում սահմանադրական բարեփոխումները, որոնք դեկտեմբերի 6-ին դրվել էին հանրաքվեի և ստացել հանրության մեծամասնության աջակցությունը: Հունվարի 13-ին լրագրողների հետ հանդիպմանը պատգամավորը նշեց, որ 2015թ. եղել են քաղաքական տարբեր վայրիվերումներ, սակայն ամենակարևոր հարցերից մեկը հենց սահմանադրական բարեփոխումներն էին, որոնց շուրջ էլ ծավալվ ել էին իրադարձությունները:
«Սահմանադրական բարեփոխումները ողջ տարվա ընթացքում քննարկումներ անցան և, ի վերջո, մենք եկանք մի հանգրվանի, երբ քաղաքական ուժերի մեծամասնությունը հավանություն տվեց այդ գործընթացին, ինչի արդյունքում դեկտեմբերի 6-ին սահմանադրական բարեփոխումների նախագիծը դրվեց հանրաքվեի: Առաջիկայում էլ մենք այս առումով դեռ շատ անելիքներ ունենք»,- ընդգծեց Ավետիսյանը:
Պատգամավորը կարևորեց նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների բարձր մակարդակով անցկացումը, ինչի շնորհիվ հնարավոր եղավ ողջ աշխարհին ցույց տալ հայ ազգի միասնությունը:
Սուքիաս Ավետիսյանը կարևոր ձեռքբերում է համարում նաև քաղաքացիական հասարակության ակտիվացումը: Նա հատկապես ընդգծեց էլելտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ սկսված քաղաքացիական շարժումը: Պատգամավորը նշեց, որ առաջին անգամ տեղի ունեցավ քաղաքացիական հասարակություն-իշխանություն երկխոսություն, ինչը շատ կարևոր է:
Պատգամավորը հավելեց, որ 2015թ. ընթացքում ակտիվ աշխատել է նաև Ազգային ժողովը: Նա նշեց, որ ԱԺ-ն տարվա ընթացքում ընդունել է 230 օրենքների փոփոխություններ, 10 մայր օրենք, վավերացրել է 40 միջազգային պայմանագիր, ինչպես նաև ակտիվորեն համագործակցել է միջազգային կառույցների հետ: