Ջոկովիչ. Կարծում եմ՝ Օլիմպիական խաղերի ժամանակ լավ հանդես կգամ
SportԱշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը նշել է, որ Ռիոյում կայանալիք Օլիմպիական խաղերի ժամանակ ոսկե մեդալ նվաճելն իր առաջնային նպատակն է: Հիշեցնենք, որ Պեկինի Օլիմպիական խաղերի կիսաեզրափակչում Ջոկովիչը պարտվեց Ռաֆայել Նադալին, բայց դարձավ բրոնզե մեդալակիր, իսկ Լոնդոնում երրորդ տեղի համար պայքարում զիջեց Խուան Մարտին դել Պոտրոյին:
-Օլիպիական խաղերում իմ երկիրը ներկայացնելու յուրօրինակ փորձ ունեմ. ես խաղացել եմ Պեկինում և Լոնդոնում: Հաշվի առնելով, թե վերջին մրցաշրջաններն ինչպիսին են եղել ինձ համար՝ կարծում եմ՝ Ռիոյում լավ հանդես կգամ: Օլիմպիական խաղերին պատրաստվելու համար մեկ շաբաթ ժամանակ եմ ունենալու: Մտադիր եմ շուտ մեկնել Ռիո, որպեսզի հարմարվեմ պայմաններին և կարողանամ լավագույն խաղը ցուցադրել:
Արդեն անհամբերությամբ եմ սպասում բացման արարողությանը, այդ հիանալի իրադարձությունն աշխարհի լավագույն մարզիկների հետ կիսելու հնարավորությանը: Օլիմպիական խաղերը տարբերվում են մյուս մրցաշարերից, դրանք բացի սպորտային նշանակությունից, մեծ էմոցիոնալ ազդեցություն ունեն, կան հպարտության, պատվի, կրքի հարցեր,-Ջոկովիչի խոսքը մեջբերված է «Telegraph»-ից:
Նովակ Ջոկովիչը նաև նշել է, որ հույս ունի Օլիմպիական խաղերի ժամանակ ծանոթանալ լեգենդար արագավազորդ Ուսեյն Բոլտի հետ: