Մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամները ուսումնամարզական հավաք են անցկացնում Ծաղկաձորում
SportՄարմնամարզության ազգային հավաքականը գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի գլխավորությամբ հունվարի 10-24-ի ուսումնամարզական հավաք է անցկացնում Ծաղկաձորում:
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի լրատվության բաժնի տեղեկատվության համաձայն՝ հավաքին մասնակցում են մարզիչներ Սոս Սարգսյանը, Արթուր Թովմասյանի, Արթուր Դավթյանի եւ Վիգեն Խաչատրյանի անձնական մարզիչները:
«Հավաքի հիմնական ուղղվածությունը՝ ֆիզիկական ընդհանուր պատրաստվածությունն է: Մարմնամարզիկների համար սա երկրորդ հավաքն է, որ երբևէ անցկացրել ենք Հայաստանում: Փորձը ցույց տվեց, որ հավաքը դրական ազդեցություն ունեցավ մարզիկների վրա: Նախորդ անգամ մեզ համար նորություն էր այսպիսի հավաք անցկացնելը, այդ պատճառով ծրագրային բացեր կային: Ի տարբերություն անցած տարվա, այս տարի ծրագիրը բարդացրել ենք: Հավաքին մասնակցում է 10 մարմնամարզիկ: Ընդգրկել ենք նաեւ երիտասարդ 4 մարզիկի, ովքեր փոխարինվելու են հաջորդ շաբաթ՝ իրենց տեղը զիջելով մյուս մարզիկներին»,- ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում, ասել է մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը: