Հորդանանի թագավորը կարեւորում է ՌԴ-ի հետ գործողությունների սերտ համակարգումն ԻՊ-ի դեմ պայքարում
International newsԱՄՆ-ի գլխավորած հակաահաբեկչական կոալիցիայի եւ Ռուսաստանի միջեւ առավել սերտ կոորդինացումը կմեծացնի արդյունավետությունն «Իսլամական պետություն» խմբավորման դեմ մղվող պայքարում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հունվարի 13-ին CNN հեռուստաընկերության լրագրողներին տված հարցազրույցում հայտնել է Հորդանանի Աբդալա II թագավորը:
Խոսելով Սիրիայում եւ Իրաքում ԻՊ-ի դեմ պայքարին իր երկրի մասնակցության մասին, նա նշել է Վիեննայի ձեւաչափով կոնսուլտացիաների անցկացման անհրաժեշտությունը: «Վիեննան շատ կարեւոր է այն տեսանկյունից, թե ինչպես ենք մենք գործերը վարում Ռուսաստանի հետ,- ընդգծել է Աբդալա II-ը:- Իմ կարծիքով, եթե մենք կարողանանք հասնել այն բանին, որ Ռուսաստանը միանա համակարգված ջանքերին, ապա միայն ավելի լավ կլինի: Բայց դա Մոսկվայի եւ Վաշինգտոնի խնդիրն է»:
Միապետը նաեւ հայտնել է, որ Հորդանանը Ռուսաստանի հետ աշխատում է, որպեսզի հրադադարի ռեժիմ հաստատվի Սիրիայի հարավում, որտեղ գործում են ընդդիմության ուժերը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: