Համայնքների պալատի ղեկավարը աղետ է համարել ԵՄ-ին Մեծ Բրիտանիայի անդամակցության պահպանումը
International newsԳոյություն ունեցող պայմաններով Եվրամիությանը Միացյալ Թագավորության անդամակցության հետագա պահպանումը սպառնում է աղետի վերածվել երկրի համար: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս կարծիքը The Daily Telegraph թերթի էջերում հունվարի 14-ին հայտնել է Քրիս Գրեյլինգը՝ բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատի առաջնորդը եւ Դեւիդ Քեմերոնի պահպանողականների խմբակցության փաստական նախագահը:
Գրեյլինգի հայտարարությունը, նշում է հրատարակությունը, կոչված է ցրելու Մեծ Բրիտանիայի վարչապետի «պատրանքները» եւ այն բանի «հստակ ըմբռնում» տալ, որ թորիների կուսակցության անդամները պատրաստ են ակտիվորեն մասնակցել Եվրամիությունից երկրի դուրս գալու քարոզարշավին:
Ավելի վաղ ԶԼՄ-ները հաղորդել են, որ Քեմերոնի նախարարների կաբինետի առնվազն հինգ անդամներ դեմ են ԵՄ-ին երկրի անդամակցությունը պահպանելուն: «Ես նրանցից եմ, ովքեր կարծում են, որ պարզապես ԵՄ-ում մնալը՝ չփոխելով անդամակցության ներկայիս պայմանները, աղետ կլինի Մեծ Բրիտանիայի համար»,- հայտարարել է Գրեյլինգը: Բացի այդ, նա ընդգծել է, որ ներկայում Բրյուսելը ճիշտ ուղով չի ընթանում, որին Լոնդոնը «չի հետեւի ու չպետք է հետեւի»:
ԵՄ-ին Մեծ Բրիտանիայի հետագա անդամակցության հարցի շուրջ հանրաքվեն, ինչպես խոստանում է դրա նախաձեռնողը՝ Դեւիդ Քեմերոնը, պետք է տեղի ունենա մինչեւ 2017 թվականի վերջը, սակայն բացառված չէ, որ քվեարկությունը կարող է կազմակերպվել արդեն այս տարվա ամռանը: Վարչապետը խոստանում է Բրյուսելից հասնել հանրակցության բարեփոխման եւ թագավորությանը իշխանական լիազորությունների զգալի մասի վերադարձման: Այդուամենայնիվ, Քեմերոնը քանիցս հայտնել է, որ փոխզիջումներից մնացած անդամ պետությունների հրաժարվելու դեպքում ինքը կարող է պաշտպանել ԵՄ-ից երկրի դուրս գալը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: