ՄԱԿ-ի ԱԽ-ն Ֆրանսիայի պահանջով նիստ Է գումարում Սիրիայում քաղաքների շրջափակման շուրջ
International newsՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Ֆրանսիայի պահանջով հունվարի 15-ին նիստ կանցկացնի Սիրիայի պաշարված քաղաքների իրադրության շուրջ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, բաց հանդիպմանը, որը կսկսվի Երեւանի ժամանակով ժամը 24:00-ին, ելույթ կունենա ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով տեղակալ Սթիվեն Օ՛Բրայենը:
Ինչպես լրագրողներին հայտնել է Նոր Զելանդիայի մշտական ներկայացուցիչ Ջերարդ վան Բոհեմենը, նիստում չի պլանավորվում ընդունել որեւէ որոշում: «Մենք արդեն ունենք բոլոր անհրաժեշտ բանաձեւերը»,- ասել է դիվանագետը՝ նշելով, որ այժմ հարկավոր է հասնել դրանց կատարմանը:
Ավելի վաղ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը Սիրիայում քաղաքների շրջափակումը որակել է պատերազմական հանցագործություն եւ հայտարարել, որ հակամարտության բոլոր կողմերը մեղավոր են խաղաղ բնակիչների տառապանքների համար: Նրա խոսքով՝ այսօրվա դրությամբ պաշարման մեջ են ապրում շուրջ 400 հազար սիրիացիներ, որոնցից 200 հազարը՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից վերահսկվող շրջաններում, իսկ մնացածը շրջափակված են կառավարության եւ ընդդիմության ուժերի կողմից, հաղորդել է ՏԱՍՍ-ը: