Թուրքիայում սկսել են ձերբակալել քրդերի հետ խաղաղություն պահանջած գիտնականներին եւ մտավորականներին
International newsԹուրքիայում սկսել են ձերբակալել այն գիտնականներին, ովքեր ստորագրել էին քրդերի հետ խաղաղություն հաստատելու մասին թուրքական պետությանը երկու օր առաջ հղած` «Խաղաղության համար գիտնականների նախաձեռնություն» վերնագրով կոչի տակ:
Ինչպես հաղորդում է «Անատոլու» լրատվական գործակալությունը, Քոջաելիի հանրապետական դատախազության կողմից գիտնականների դեմ սկսված հետաքննության շրջանակում կոչը ստորագրած 21 գիտնականներ բերման են ենթարկվել, որոնցից 12-ը ձերբակալվել են, 9-ի նկատմամբ էլ գործառույթներ են ընթանում:
Քոջաելիի դատախազությունը քրդերի հետ խաղաղության կոչը ստորագրած գիտնականներին մեղադրում է «թուրք ժողովրդին, թուրքական պետությանը, խորհրդարանին, կառավարությանը եւ պետության դատական մարմիններին հրապարակորեն ստորացնելու եւ ահաբեկչական կազմակերպության օգտին քարոզչություն կատարելու» մեջ:
«Խաղաղության համար գիտնականների նախաձեռնություն» կոչում գիտանակնները նշել են, որ չեն ցանկանում մասնակից լինել քրդերով բնակեցված տարածաշրջաններում փողոց դուրս գալու դեմ արգելքների եւ բախումների միջավայրի պատճառով մարդկանց իրավունքների ոտնահարումների հետ կապված հանցագործություններին: Նրանք Թուրքիայի ղեկավարությանը կոչ են արել խաղաղություն հաստատել քրդերի հետ, դադարեցնել նրանց կոտորածները եւ թույլ տալ բախումների գոտիներ հանձնաժողովներ մեկնել: Կոչի տակ ներկա դրությամբ ստորագրել են 2 հազարից ավելի թուրք եւ արտասահմանցի առաջադեմ գիտնականներ եւ մտավորականներ:
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը կոչի տակ ստորագրածներին «գիտնականի սեւագրություն, խավարամիտ, անգրագետ, պետության գործերը չհասկացող» է անվանել, իսկ նրա մաֆիոզ ընկեր Սեդաթ Փեքերը, ով հայտնի է որպես կազմակերպված հանցագործությունների կազմակերպության առաջնորդ, սպառնացել է կոտորել գիտնականներին եւ «նրանց արյունով ցնցուղ ընդունել»:
Թուրքիայի քրեական հեղինակություն Փեքերը խաղաղության կոչ հնչեցրած գիտնականներին համարել է «պետությունը կործանողներ»:
«Այսպես կոչված գիտնականներ, զանգերը ձեր համար են ղողանջում: Ձեզ արյունաքամ ենք անելու ու ձեր արյունով ցնցուղ ենք ընդունելու», -սպառնացել է նա:
Թուրքիայի Անկախ իրավաբանների միության անդամ մի քանի փաստաբաններ Փեքերի հայտարարությունների հետ կապված Անկարայի հանրապետական գլխավոր դատախազությունում «սպառնալիք, վիրավորանք, զրպարտանք, ատելություն, թշնամություն, ժողովրդի մեջ վախ եւ խուճապ» առաջացնելու մեղադրանքով դատական հայց են ներկայացրել, ինչն արդեն վարույթ է ընդունվել: