Ադրբեջանի կվերանայվի 2016 թվականի պետբյուջեն
International newsՆավթի համաշխարհային գների շարունակական անկման հետ կապված Ադրբեջանի 2016 թվականի համար հաստատված պետական բյուջեն կվերանայվի:
Նախնական տվյալներով` Ադրբեջանի 2016 թվականի բյուջեն դարձյալ քննարկման կդրվի ընթացիկ տարվա մայիս-հունիս ամիսներին:
Այս մասին հայտնում է az.azvizion.az լրատվական կայքը:
Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Վահիդ Ահմեդովը կայքի հետ զրույցում այդ առնչությամբ հայտնել է, որ բյուջեում արվելիք փոփոխության մեջ նավթի գինը կարող է հաշվարկվել մեկ բարելի դիմաց 30 դոլարի մակարդակի:
«Ներկայիս իրականությունից ելնելով, գտնում եմ, որ բյուջեում նավթի գինը պետք է հաշվարկվի մեկ բարելի դիմաց 30 դոլարի մակարդակի: Գինը փոխվելու հետ անհրաժեշտ է բյուջեն դարձյալ վերանայել», -նշել է նա:
Նրա խոսքով` բյուջեի քննարկման ժամանակ ֆինանսների նախարար Սամիր Շարիֆովը հայտարարել էր, որ նավթի գնի փոփոխման հետ կապված մի քանի տաբերակ է մշակվել, դրանք պետք է քննարկվեն եւ որոշում ընդունվի:
Ադրբեջանի 2016 թվականի պետբյուջեն նախագահ Իլհամ Ալիեւի կողմից հաստատվել է անցյալ տարվա դեկտեմբերի 8-ին: 2016 թվականի պետբյուջեի եկամուտային մասը նախատեսվել է 14,566 մլրդ մանաթ, ծախսային մասը` 16,264 մլրդ մանաթ (այդ թվում` կենտրոնացված եկամուտները` 13,799 մլրդ մանաթ, տեղական եկամուտները` 766,345 մլն մանաթ, կենտրոնացված ծախսերը` 14,722 մլրդ մանաթ, տեղական ծախսերը` 1,541 մլրդ մանաթ):
Ադրբեջանի 2016 թվականի պետբյուջեում նավթի գինը մեկ բարելի համար նախատեսվել է 50 ամերիկյան դոլար: Ներկայում նավթի գինը մոտ 30 դոլար է: Փորձագետների կանխատեսումներով` նավթի գինն ավելի կնվազի: