Հայաստանում կան բոլոր նախադրյալները դահուկային սպորտի զարգացման համար
SportՀայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիան մեր երկրում դահուկային սպորտի զարգացման համար համագործակցություն է սկսել Նորվեգիայի դահուկային սպորտի ֆեդերացիայի հետ: Նորվեգացի մասնագետները Հայաստանում են դահուկային սպորտի զարգացման համար մարզիչներ վերապատրաստելու նպատակով:
Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիան Ազգային օլիմպիական կոմիտեի և Նորվեգիայի դահուկային սպորտի ֆեդերացիայի հետ համատեղ անցկացնում է մարզիչների վերապատրաստման սեմինար: Սեմինարը Նորվեգիայի հետ համագործակցության սկիզբն է: Արմենպրեսի հաղորդմամբ` հունվարի 16-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին նշեց Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը:
«Մենք հիմք ենք դնում Նորվեգիայի դահուկային սպորտի ֆեդերացիայի հետ համագործակցության: Նորվեգիայի դահուկային սպորտի ֆեդերացիան լավագույններից է աշխարհում թե՛ դահուկավազքի, թե՛ լեռնադահուկային սպորտի հետ կապված, և մենք, մեր գործընկերների հետ ունենալով լավ համագործակցության նախադրյալներ, որոշեցինք նրանց օգնությամբ փորձել Հայաստանում զարգացնել դահուկային մարզաձևերը»,- ասաց Սարգսյանը` հավելելով, որ Նորվեգիայի հետ համագործակցության առաջին քայլը, մարզիչների վերապատրաստման հետ կապված, արդեն արված է, սեմինարը տևել ու է մինչև հունվարի 18-ը, որից հետո արդեն կքննարկվեն հետագա համագործակցության ծրագրերը:
«Սեմինարը 2 մասով է անցկացվելու` տեսական և գործնական: Մենք մարզիկների ու մարզիչների ենք հրավիրել բոլոր այն տարածաշրջաններից, որտեղ ունենք դահուկավազք և փորձելու ենք բոլորին մասնակից դարձնել մեր նոր ռազմավարությանը, այսինքն` դահուկային մարզաձևերի և դահուկավազքի զարգացմանը»,- նշեց քարտուղարը:
Նորվեգիայի դահուկային սպորտի ֆեդերացիայի դահուկասահքի զարգացման ղեկավար Բրիտ Բալդիշոլն ասաց, որ Նորվեգիայում իրենք ևս փորձում են զարգացնել դահուկային սպորտը և դրա մասը դարձնել մյուս պետություններին, հակառակ դեպքում` Նորվեգիան միայնակ դահուկավազքը որպես սպորտաձև կկորցնի:
«Ես ուրախ եմ, որ Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիան կապ է հաստատել մեզ հետ: Սկսեցինք համագործակցել, և մենք` ես և իմ 2 գործընկերները, Հայաստանում ենք` սեմինարն անցկացնելու համար: Ես տեսա մեծ հնարավորություն Հայաստանում դահուկավազքը զարգացնելու»,- ասաց Բալդիշոլը:
Նա ընդգծեց, որ Հայաստանում կան շատ վայրեր, որտեղ կա ձյուն և բազնաթիվ նախադրյալներ` Հայաստանում դահուկավազքը զարգացնելու: Այստեղ մարզիկներին մնում է միայն մարզվել, մարզվել ու մարզվել: