Թուրքիայում քրդերի հետ բախումներում երեք ոստիկան է զոհվել
International newsԹուրքիայի քրդերով բնակեցված Շիռնաքի նահանգի Իդիլ քաղաքում Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) ազատամարտիկների հետ բախումներում վիրավորված 7 ոստիկաններից 3-ը զոհվել են:
Ինչպես հաղորդում է Արմենպրեսը` վկայակոչելով «Անատոլու» լրատվական գործակալությունը, PKK-ի զինյալները գիշերը պայթուցիկ են նետել քաղաքի Ալանյա պողոտայով անցնող ոստիկանական մեքենայի վրա եւ զենքերով կրակ բացել, ավտոմեքենան շրջվել է: Ավտոմեքենայում գտնվող ծանր վիրավոր 7 ոստիկանները ուղղաթիռով տեղափոխվել են Շիռնաքի զինվորական հոսպիտալ: Բժիշկներին չի հաջողվել փրկել նրանցից երեքի կյանքը:
Թուրքիայի անվտանգության մարմինները նահանգում քուրդ զինյալներին հայտնաբերելու միջոցառումներ են սկսել: