Ադրբեջանում թանկացումների դեմ բողոքի ակցիաները հասել են ԼՂՀ հետսահմանակից շրջաններ
International newsԱդրբեջանում ազգային արժույթի` մանաթի դեկտեմբերի վերջին լողացող փոխարժեքի անցման հետեւանքով բոլոր ապրանքների, այդ թվում` սննդամթերքի աննախադեպ թանկացումների հետ կապված այդ երկրի ամբողջ տարածքում սկսված զանգվածային բողոքի ակցիաները հասել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ սահմանակից շրջաններ:
Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, haqqin.az-ը հայտնում է, որ այսօր առավոտվանից թանկացումների դեմ զանգվածային բողոքի ակցիա է սկսվել Բեյլագանում, որը գտնվում է ԼՂՀ հարավ արեւելյան սահմանում: Բնակչությունը բողոքում է համատարած թանկացումների, այլ սոցիալական խնդիրների դեմ եւ պահանջում իշխանության հրաժարականը:
Շրջանի ղեկավարությունը չի կարողացել պատասխանել բնակչության բարձրաձայնած հարցերին: Ոստիկանությունը փորձել է ցրել ակցիան, սակայն հավաքվածների խիստ դիմադրության պատճառով հետ է քաշվել:
Թանկացումների դեմ բողոքի ակցիա է սկսվել նաեւ Բաքվի Հովսանա ավանում (meydan.tv): Նրանք հայտարարել են, որ եթե շաբաթվա ընթացքում իրենց բոլոր պահանջները չկատարվեն, ապա առաջիկա կիրակի ավելի մեծ եւ երկարատեւ բողոքի ակցիա կսկսեն:
Անցյալ շաբաթ թանկացումների դեմ զանգվածային բողոքի ակցիաներ են տեղի ունեցել Ադրբեջանի Գուբայի, Լենքորանի, Սիյազանի, Աղջաբեդիի, Գուսարի, Խաչմազի, Ջալիլաբադի եւ այլ շրջաններում: Իշխանություններն անմիջապես ակցիաները կազմակերպելու մեջ մեղադրել են ընդդիմությանը եւ սկսել ընդդիմության ներկայացուցիչների եւ ակցիայի մասնակիցների ձերբակալություններ:
Ադրբեջանի իշխանությունը ԶԼՄ-ներին արգելել է տեսանյութեր հրապարակել ակցիայի վայրերից: Ձերբակալվել են մի քանի քաղաքացիներ, որոնք փորձել են բջջային հեռախոսներով նկարահանել ոստիկանության հետ բախումներով ընթացող ակցիաների տեսարանները: