Թայվանի նորընտիր կին ղեկավարը ծանր ընտրության առաջ է կանգնած
International newsԹայվանի ողջ պատմության ընթացքում առաջին անգամ երկիրը կղեկավարի «Դեմոկրատական առաջադիմական» կուսակցության կին ղեկավար Ցայ Ին-Վենը: Էթնիկ չինացիներով բնակեցված երկրներից առաջինը Թայվանն էր, որտեղ ընտրությունների արդյունքում առաջնորդի աթոռը թույլ սեռի ներկայացուցիչ ստանձնեց: Թայվանի իշխող «Գոմինդայն» կուսակցությունը, որը հանդես էր գալիս Չինաստանի հետ հարաբերություններն ամրապնդելու և խորացնելու օգտին, այս անգամ պարտություն կրեց, քանի որ ընդդիմադիր դեմոկրատներն ավելի հակված են իրենց անկախությունն ամրապնդելու ճանապարհով զարգացնել երկիրը: Ուստի դեմոկրատական կուսակցության հաղթանակը կարող է կտրուկ սրել Թայվանի և Չինաստանի հարաբերությունները, գրում է «Բի-բի-սի» գործակալությունը:
Չինաստանից անկախանալու պատճառով երկար տարիներ սրված են եղել պաշտոնական Պեկինի և Թայբեյի հարաբերությունները, սակայն 2008 թվականից դրանք սկսեցին մեղմանալ, երբ Թայվանի ղեկավարման ղեկը ստանձնեց «Գոմինդայն» կուսակցության ներկայացուցիչ Մա Ինցզյուն, ով սկսեց հանդես գալ մի կողմից Չինաստանի հետ ստատուս-քվոյի պահպանման, մյուս կողմից՝ նրա հետ տնտեսական հարաբերություններն ընդլայնելու օգտին: Սակայն, թայվանցիների կարծիքով, տնտեսական հարաբերությունների խորացումը կարող է կործանարար ազդեցություն ունենալ իրենց համար, քանի որ այն կարող է նաև քաղաքական կախվածության մեջ գցել Թայվանին և սպառնալիք հանդիսանալ ժողովրդավարացման ուղին բռնած երկրի համար: Ինչ վերաբերում է Չինաստանին, ապա վերջինս Թայվանին վերաբերում է որպես իր ըմբոստ նահանգի, ով վաղ թե ուշ կվերադառնա կոմունիստական իշխանության «գիրկը»: Եվ չնայած Թայվանի նախկին ղեկավարը Չինաստանի հետ տնտեսական հարաբերությունները խորացնելու քայլերի կողմնակից էր, սակայն տեսականորեն նա նույնպես կարծում էր, որ 1949 թ. կոմունիստներն անօրինական կերպով են զավթել իրենց երկիրը, իսկ Թայվանի ղեկավարներին համարում էր ողջ Չինաստանի իրական ղեկավարներ: Թայվանի օրենսդրության համաձայն՝ իշխանության ղեկավարի ընտրություններն իրականացվում են չորս տարին մեկ անգամ պարբերականությամբ և նույն ղեկավարը երկու անգամից ավել իրավունք չունի առաջադրվել որպես Թայվանի ղեկավարի պաշտոնի թեկնածու: Ընտրելու իրավունք ունեցող թայվանցիների թիվը, ըստ վերջին ընտրությունների տվյալների, կազմում է 18,8 միլիոն: Թայվանի նորընտիր ղեկավար, մասնագիտությամբ իրավաբան 59-ամյա Ցայ Ին-Վենը, ով դասավանդում է համաշխարհային համբավ ունեցող բուհերում, առայժմ չի շտապում իր տեսակետը հայտնել պաշտոնական Պեկինի հետ հարաբերությունների մասին, թեև նշել է, որ ինքը ևս կողմ է Չինաստանի հետ ստատուս-քվոյի պահպանմանը: Նրա ընդդիմախոսնեը, սակայն շտապել են հայտարարել, որ եթե Ցայ Ին-Վենը մերժի միասնական Չինաստանի գաղափարը, ապա երկու կողմերի միջև հարաբերությունների սրումն անխուսափելի կլինի:
Ա.Գ.