Ադրբեջանում տնտեսական ճգնաժամի պատճառով 4 նախարարություններ եւ 6 պետկոմիտե վերացվում են
International newsՆավթի համաշխարհային գների շարունակական անկման եւ ադրբեջանական ազգային արժույթի` մանաթի մոտ 100 տոկոսով արժեզրկման հետեւանքով խորը տնտեսական ճգնաժամում եւ նոր տնտեսական-քաղաքական իրավիճակում հայտնված Ադրբեջանի կառավարությունը 4 նախարարությունների հետ 6 պետական կոմիտեներ վերացնել եւ որոշների էլ լիազորությունները սահմանափակելու ուղղությամբ առաջարկություններ է պատրաստում: Ամենայն հավանականությամբ, Ադրբեջանի կառավարության կազմը մոտ ժամանակում 40-50 տոկոսով կնորացվի, եւ օլիգարխներին փոխարինելու կգան տեխնոկրատները:
Այս մասին, ինչպես հաղորդում է Արմենպրեսը, հայտնում է istiqlal.az լրատվական կայքը` հղում կատարելով ադրբեջանական կառավարության աղբյուրներին:
Աղբյուրի խոսքով` նախատեսվում է առաջինը կրճատել գյուղատնտեսության նախարարությունը եւ դրա լիազորությունները կիսել էկոնոմիկայի նախարարության ու բնապահպանության եւ բնական պաշարների նախարարության միջեւ: Բացի այդ, կմիացվեն առողջապահության ու աշխատանքի եւ բնակչության սոցիալական պաշտպանության նախարարությունները: Կվերացվեն ստանդարտացման, չափաբանության եւ արտոնագրերի գծով պետկոմիտեները, որոնց գործառույթները կհանձնվեն էկոնոմիկայի նախարարությանը, կվերացվի նաեւ արժեթղթերի գծով պետկոմիտեն, որի լիազորությունները կհանձնվեն ֆինանսների նախարարությանը: Կվերացվեն նաեւ ընտանիքի, կանանց եւ երեխաների խնդիրների գծով պետկոմիտեն, պետական քաղաքաշինության եւ ճարտապետության կոմիտեն, վիճակագրության կոմիտեն, սփյուռքի հետ աշխատանքների գծով պետկոմիտեն, որոնց լիազորությունները կհանձնվեն այլ կառույցների:
Որոշ ժամանակ առաջ Ադրբեջանում վերացվել էր պետական հողերի եւ քարտեզագրման կոմիտեն ու գնումների գծով պետական գործակալությունը: