Ադրբեջանում պարտքերի պատճառով մեծացել է ինքնասպանությունների թիվը
International newsԱդրբեջանում զգալիորեն մեծացել է բանկերում վարկեր վերցրած քաղաքացիների իքնանսպանությունների թիվը, որոնք այդ երկրում ստեղծված տնտեսական ճգնաժամի պատճառով հնարավորություն չունեն վերադարձնել պարտքերը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ-ները, պարտքերի դիմաց բնակարանները խլող բանկերի առաջ վախը խորանում է այսպես կոչված հավաքիչ-բաշխիչ հիմարկների (կոլեկտորների) կողմից, որոնց բանկերը վաճառել են քաղաքացիների պարտքերի նկատմամբ իրավունքները, եւ որոնք այժմ սկսել են ահաբեկել իրենց պարտապաններին` սպառնալով երեխաների առեւանգումով եւ այլ դժբախտություններով:
Հայտնի հոգեբան-թերապեվտ Դեյանեթ Ռզաեւը չի կասկածում, որ բանկերի պարտապանների մոտ հաճախակիացած ինքնասպանություններն ուղղակիորեն կապված են կոլեկտորային ընկերությունների գործունեության հետ:
«Այդ ընկերություններից ավազակները, նրանց այլ կերպ չես անվանի, ոչնչի առաջ կանգ չեն առնում, որպեսզի պարտապաններից փող կորզեն: Նրանք իրենց հաճախորդներին սպառնում են ազատազրկումով, որն իբր սպասում է նրանց վարկը չմարելու դեպքում: Կոլեկտորները պարտապաններին ներշնչում են, թե պարտքի չվերադարձնելը խարդախություն է հանդիսանում եւ օրենքով պատժելի է», -նշել է Ռզաեւը:
Փաստաբան Էլմար Սուլեյմանովը պարզաբանել է, որ դա միանգամայն սուտ է, քանի որ միջազգային կոնվենցիայի համաձայն, որին միացել է նաեւ Ադրբեջանը, եթե բանկում վարկ վերցրած մարդը պարտքը վերադարձնելու հնարավորություն չունի, ապա նա չի կարող քրեական պատասխանատվության ենթարկվել, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Ընթացիկ տարվա սկզբից մինչ այժմ Ադրբեջանում արդեն ինքնասպանության 18 դեպք է գրանցվել:
Ադրբեջանի իշխանությունները երկրում ինքնասպանությունների պաշտոնական վիճակագրություն չեն հրապարակում, սակայն, ադրբեջանական ԶԼՄ-ների համաձայն` 2015 թվականի ընթացքում այդ երկրում 300-ից ավելի ինքնասպանության դեպք է գրանցվել, որոնցից 14-ն անչափահասներ են եղել: