Մահապատժի վճռից բացի՝ 101 մլն դոլարի փոխհատուցում վճարելու պարտավորություն
International newsՋոհար Ցարնաևը, ով մեղադրվում էր 2013թ. բոստոնյան մարաթոնի եզրագծի մոտ պայթյուն կազմակերպելուն աջակցելու մեջ, ԱՄՆ-ի դաշնային դատարանի որոշմամբ պետք է 101 մլն դոլար վճարի՝ որպես զոհերի ընտանիքներին հասցված վնասի փոխհատուցում,- գրում է Orer.am-ը:
Associated Press գործակալության տեղեկացմամբ՝ դատարանի որոշումը կարելի է նաև խորհրդանշական համարել, քանի որ Ցարնաևն այդքան գումար չունի և չի էլ կարող ազատազրկման վայրում այն վաստակել: Նրան մեղադրանք է առաջադրվել երկու պայթյունի կազմակերպմանը առնչություն ունենալու համար, ինչի հետևանքով մահացել էր 3 և մարմնական վնասվածք էր ստացել ավելի քան 250 մարդ:
Քննչական մարմինների տվյալներով՝ նա եղել է իր ավագ եղբոր՝ Թամերլանի համախոհը, ում պայթյունից հետո վնասազերծելիս սպանել էր ոստիկանը, իսկ Ջոհարն ավելի ուշ էր ձերբակալվել: Ձերբակալման ժամանակ նա նույնպես հրազենային ծանր վնասվածք էր ստացել, ինչի պատճառով էլ դատը որոշ ժամանակով հետաձգվել էր: 2015 թ. մայիսին Ջոհար Ցարնաևին մահապատժի են դատապարտել, իսկ նրա դատավճիռը վերանայելու բոլոր բողոքները շարունակվում են մերժվել:
Այնուամենայնիվ, դատարանի վճիռն ի կատար ածելու գործընթացը կարող է երկար տարիներ տևել, քանի որ 1998թ. մինչ օրս նահանգային դատարանները մահապատժի 74 վճիռ են կայացրել, սակայն դրանցից միայն 3-ն են իրականացվել, գրում է Associated Press-ը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բոստոնի ահաբեկչության կազմակերպման մեջ մեղադրվող 20 ամյա Ջոհար Ցարնաևի մեղքը ապացուցելու դեպքում ԱՄՆ-ի դաշնային դատախազները պատրաստվում են պահանջել, որ նա մահապատժի ենթարկվի, իսկ Միացյալ Նահանգների գլխավոր դատախազ Էրիկ Հոլդերը հայտարարել էր, որ դատախազներին նման որոշման հասնելու թույլտվություն արդեն տրվել է:
Ա.Գ.