ՄԱԿ-ի փախստականների գործերի կոմիսարը Սիրիայում հանդիպումներ է անցկացրել պաշտոնատարների հետ
International newsՄԱԿ-ի փախստականների գործերի գերագույն կոմիսար Ֆիլիպո Գրանդին հորդորել է սիրիական հակամարտության կողմերին՝ ապահովել միջազգային հումանիտար կազմակերպությունների անարգել մուտքը պաշարված բոլոր շրջաններ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է Արմենպրեսը, հունվարի 21-ին նա հայտարարել է Դամասկոսում՝ հունվարի սկզբին պաշտոնն ստանձնելուց հետո Սիրիա իր կատարած առաջին պաշտոնական այցի ընթացքում:
Գրանդին հանդիպումներ է անցկացրել Սիրիայի ԱԳ նախարար Վալիդ Մուալեմի, տեղական ինքնակառավարման գործերի նախարար Օմար Գալավանջիի եւ ԱԳ փոխնախարար Ֆեյսալ Մեկդադի հետ:
Գերագույն կոմիսարը հավաստել է «Սիրիայի բոլոր մասերում ներքին վերաբնակներին օգնություն ցուցաբերելու վարչության պատրաստակամությունը» եւ աջակցություն է խոստացել կրթության բնագավառում ծրագրերի իրականացման գործում: Սիրիա մեկօրյա այցի ընթացքում Գրանդին հանդիպել է նաեւ Սիրիայի Կարմիր մահիկի ներկայացուցիչների հետ, որը վարչության հիմնական հումանիտար գործընկերն է երկրում:
Ինչպես ՄԱԿ-ի վարչությունը նշել է մամուլի համար տարածված հաղորդագրության մեջ, Սիրիայում հումանիտար աջակցության կարիք ունի 13,5 մլն մարդ: Նրանցից 6,5 միլիոնը ներքին վերաբնակներ են, իսկ 4,6 միլիոնը՝ փախստականներ, որոնք ապաստան են գտել հարեւան երկրներում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: