ՌԴ ՊՆ-ն հերքել է թուրքական օդուժի կողմից ռուսական ռազմական ինքնաթիռի ոչնչացման լուրը
International newsՌուսաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է միջազգային ԶԼՄ-ներում տարածված լուրերն` իբր Թուրքիայի ռազմաօդային ուժերը «Բալ ալ-Խավա» հսկիչ անցագրային կետի շրջանում կործանել են ռուսական ռազմական ինքնաթիռ: «Այդ լուրերը հիմարություն են: Մեր բոլոր ինքնաթիռները, որոնք Սիրիայի տարածքում ահաբեկչական ենթակառուցվածքների և օբյեկտների ոչնչացման խնդիր են լուծում, վերադարձել են ավիաբազա»,- ինչպես հաղորդում է Interfax-ը, այդ մասին «Հմեյմիմ» ավիաբազայում լրագրողների հետ զրույցում նշել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը:
Նա ընդգծել է, որ երեք օր շարունակ «Հմեյմիմ» օդանավակայանում ՌԴ ՊՆ-ի կազմակերպած պրես-տուրի շրջանակում թափանցիկ աշխատել է արևմտյան առաջատար ԶԼՄ-ների շուրջ 50 լրագրող` ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից, Իտալիայից, Չինաստանից, Վիետնամից և այլ երկրներից, որոնցից նման փաստը թաքցնել հնարավոր չէր լինի:
«Այժմ նաև նրանք անձամբ համոզվեցին, թե ինչ արժեն պարբերաբար արևմտյան ԶԼՄ-ներում «բազմոցային վերլուծաբաններ»-ի կողմից ներկայացվող կեղծ լուրերը»,- ասել է Կոնաշենկովը: