Ոչ նավթային Ադրբեջանը չի հետաքրքրում ներդրողներին
International newsԱյս կամ այն երկրի տնտեսության վիճակի մասին դատում են մակրոտնտեսական ցուցանիշի` դրսից ներդրումների ծավալով, ինչը մինչ այժմ Ադրբեջանում կատարվել է գլխավորապես նավթագազային հատվածում: Սակայն նավթի գնանկումից եւ մանաթի արժեզրկումից հետո ոչ նավթային դարձած Ադրբեջանն այլեւս չի հետարքրում արտասահմանյան ներդրողներին:
Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, անցյալ տարվա առաջին երեք եռամսյակների ընթացքում Ադրբեջանի տնտեսության մեջ 5,7 մլրդ դոլար ուղղակի արտասահմանյան կապիտալ է ներդրվել, որի 88,2 տոկոս մասը կատարվել է նավթագազային հատվածում: Այս տվյալները վերցված են Ադրբեջանի կենտրոնական բանկի կողմից մշակված վճարման հաշվեկշռից:
Նշվում է, որ նավթի գնանկման պատճառով այդ ցուցանիշը, 2014 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ, 1,72 տոկոսով նվազել է:
Անցյալ տարի այդ կապիտալ ներդրումներն ուղղվել են Ադրբեջանի տարածքում խոշոր նավթագազային աշխատանքների ֆինանսավորմանը, որոնք հիմնականում անցկացվում են BP Exploration (Շահ Դենիզ) եւ «Ազերի-Չըրաղ-Գյունեշլի» հանքահորերի բլոկում նախագծերի շրջանակում:
Ադրբեջանի ԿԲ-ի գնահատականներով` հիշյալ ժամանակաշրջանում այդ երկրի ոչ նավթային հատվածում կատարված արտասահմանյան ուղղակի կապիտալ ներդրումների ծավալը կազմել է 678 մլն դոլար, կամ Ադրբեջանի տնտեսության մեջ ներգրավված ներդրոմների ընդհանուր ծավալի 11,8 տոկոսը:
2015 թվականին Ադրբեջանի ոչ նավթային հատվածում կատարված արտասահմանյան կապիտալ ներդրումների ծավալը կազմել է 855 մլն դոլար: Եվ դա մեկ անգամ եւս ցույց է տալիս, որ Ադրբեջանի ոչ նավթային հատվածն առանձնակի հետաքրքրություն չի ներկայացնում արտասահմանյան ներդրողների համար: