Եվրասիական փորձագիտական ակումբը ճիշտ քայլ է համարում ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցումը
PoliticsԵվրասիական փորձագիտական ակումբի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունը ճիշտ քայլ է: Հունվարի 23-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց «Ինտեգրացիա և զարգացում» հետազոտության և վերլուծության հասարակական կազմակերպության ղեկավար, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը: «Մենք ուսումնասիրել ենք աշխարհաքաղաքական զարգացումները և եկել ենք եզրակացության, որ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությանը ճիշտ քայլ էր: Դա մեզ հնարավորություն է տվել խուսափել անցանկալի քաղաքական և տնտեսական վայրիվերումներից, որի մեջ հայտնվել են շատ երկրներ: 2016թ. լի է զանազան մարտահրավերներով, որոնց դիմակայելու համար հարկավոր է խորացնել համագործակցությունը Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների միջև»,- Արմենպրեսի հաղորդմամբ՝ նշեց Սաֆարյանը:
Տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ Աշոտ Թավադյանը գտնում է, որ Հայաստանը պարտավոր է բոլոր ուղղություններով զարգացնել հարաբերությունները և ոչ միայն ԵՏՄ անդամ երկրների հետ, այլ նաև Եվրոպայի, Չինաստանի, Իրանի հետ: Նրա խոսքով՝ Հայաստանի համար լուրջ մարտահրավեր է հատկապես տրանսֆերտների անկումը: «Այնպես չէ, որ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու հետ մեր բոլոր սպասելիքները արդարացել են, սակայն, Միության լիիրավ անդամ լինելով, տարածաշրջանային մարտահրավերները որոշակիորեն մեղմվել են»,- ասաց Թավադյանը: