Լիբիացի զինվորականները հերքել են երկրում ամերիկացի և ռուս զինծառայողների առկայության մասին լուրերը
International newsԼիբիայի բանակի հրամանատարության մամուլի ծառայությունը հերքել է տեղեկությունն այն մասին, որ Լիբիայի տարածքում կառավարության միասնությունն ապահովելու նպատակով երկրում արտասահմանցի զինծառայողներ կան. տեղեկացնում է РИА Новости գործակալությունը:
Ինչպես պատմել է Լոնդոնում լույս տեսնող «Աշ-Շարք Ալ-Աուսաթ» պարբերականը՝ անվտանգության աղբյուրների հղումով, ԱՄՆ-ից, Բրիտանիայից, ՌԴ-ից տասնյակ զինծառայողներ են ժամանել Լիբիա:
Աղբյուրների տվյալներով՝ զինծառայողների մեծ մասը տեղակայվել է Գամալ Աբդել Նասերի անվան ավիաբազայում, որը տեղակայված է Թոբրուք քաղաքի հարավում:
Աղբյուրներից մեկի խոսքով՝ երեք երկրների զինծառայողները ժամանել են հետախուզական առաքելությամբ և ազգային բանակին խորհրդատվություն տրամադրելու նպատակով:
2011 թվականին երկրի ղեկավար Մուամմար Կադաֆիի տապալումից և սպանությունից հետո երկիրը շարունակում է սուր ճգնաժամի մեջ մնալ: Երկրում երկիշխանություն է՝ մեկ կողմում ընտրված խորհրդարանն է, որի նստավայրը երկրի արևելքում գտնվող Տոբրուքում է տեղակայված, իսկ մյուսը իսլամամերձ Համընդհանուր ազգային իշխանությունն է, որը գտնվում է Տրիպոլիում: