Պեկինի իշխանությունները պատրաստվում են սահմանափակել քաղաքի բնակչության թիվը
International news
Չինաստանի մայրաքաղաքի իշխանությունները հույս ունեն, որ 2020 թվականին քաղաքի բնակչությունը չի գերազանցի 23 միլիոնը:
Անցած տարվա սկզբին Պեկինի քաղաքապետ Վան Անշունը հայտարարել է, որ քաղաքի իշխանությունները պատրաստվում են սահմանափակել մեգապոլիսի բնակչության աճը, սակայն կոնկրետ թվեր չեն նշվել:
Վան Անշունի խոսքերով՝ իշխանությունների հիմնական նպատակը կլինի քաղաքի կենտրոնից քաղաքացիների վերաբնակեցումը դրա ծայրամասեր: «Սինխուա» գործակալության աղբյուրների տվյալներով՝ իշխանությունները պատրաստվում են սահմանափակել Պեկինի բնակչությունը՝ ելնելով քաղաքի ռեսուրսային առավելագույն հնարավորություններից, մասնավորապես ջրամատակարարումից:
2015 թվականին Պեկինի մշտական բնակիչների թիվը հասել է 21,7 միլիոնի: 2016 թվականին նախատեսվում է սահմանափակել քաղաքի բնակչությունը 22 միլիոնի սահմանում:
Բացի այդ 2016 թվականին Պեկինի իշխանությունները մտադիր են մեգապոլիսի սահմաններից դուրս հանել մոտ 300 ընկերություն, հիմնականում՝ արտադրության ոլորտից: Պեկինի իշխանությունները նաև պատրաստվում են 2017 թվականին քաղաքի վարչական մարմինների մեծ մասը տեղափոխել Տունչժոու: