«Արարատը» ստուգողական հանդիպում կանցկացնի Խաբարովսկի «ԲՄԱ-Էներգիայի» հետ
Sport«Արարատ» ֆուտբոլային ակումբը պաշտոնական կայքում ներկայացնում է Սոչիում մեկնարկած մարզումների օրագիրը:
Հունվարի 25-ին «Արարատը» հանգրվանել է Սոչիի «Վեսնա» մարզահամալիրում, որտեղ հավաք կանցկացնի մինչև փետրվարի 5-ը: Ներկայացնում ենք օրագրի առաջին գրառումը.
ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈՒԹՅՈՒՆ
Առավոտյան «Արարատն» ամբողջ կազմով հավաքվեց «Զվարթնոց» օդանավակայանում: Չվերթի մի փոքր ուշանալը ոչ մի կերպ չազդեց արարատցիների տրամադրության վրա, որոնք ինքնաթիռում հայտնվելուց արդեն 50 րոպե անց վայրէջք կատարեցին Սոչիի օդանավակայանում:
ԱՐԵՎԸ ԹԱՔՆՎԵԼ ԷՐ «ԱՐԱՐԱՏԻ» ԺԱՄԱՆՄԱՆ ՍՊԱՍՈՒՄՈՎ
2014 թվականի Օլիմպիական խաղերի մայրաքաղաքը «Արարատին» դիմավորեց տեղումներով: Սոչիում առաջին րոպեները մեր թիմի անդամները անցկացրեցին ձյան փաթիլների ներքո: Սակայն հյուրանոցում հայտնվելուց մի փոքր անց եղանակը կտրուկ փոխվեց դեպի լավը: «Արարատի» ժամանման սպասումով թաքնված արևն իր շողերով լավ տրամադրություն հաղորդեց երեկոյան մարզումից առաջ:
ԱՎԱԳԻՄՅԱՆԸ ՄԻԱՑԱՎ ԹԻՄԻՆ
Մինչ առաջին օրվա միակ մարզումը «Արարատին» «Վեսնայում» միացավ հայազգի պաշտպան Սերգեյ Ավագիմյանը: 26-ամյա պաշտպանի հետ, ով մրցաշրջանի առաջին կեսին հանդես էր գալիս Ռուսաստանի առաջին լիգայում հանդես եկող «Բայկալի» կազմում, շուտով պայմանագիր կստորագրվի:
ԱՌԱՋԻՆ ՄԱՐԶՈՒՄԸ
Երեկոյան «Արարատը» մարզում անցկացրեց «Վեսնա» մարզահամալիրի արհեստական խոտածածկով խաղադաշտում, որին մասնակցեցին բոլոր ֆուտբոլիստները, այդ թվում` Ավագիմյանը:
Հունվարի 26-ին, Երևանի ժամանակով 16:30-ին «Արարատը» ստուգողական հանդիպում կանցկացնի Խաբարովսկի «ԲՄԱ-Էներգիայի» հետ, որի գլխավոր մարզիչն է հայազգի Ալեքսանդր Գրիգորյանը:
Նշենք, որ հունվարի 27-ին նախատեսված Նիժնի Նովգորոդի «Վոլգայի» հետ խաղը չի կայանա: