ԼՂ խնդրի լուծման բացառիկ և միակ հարթակը Մինսկի խումբն է. Արմեն Աշոտյան
PoliticsԵվրոպական քաղաքական վերնախավը շատ լավ գիտակցում է, որ Ղարաբաղյան խնդրի լուծման բացառիկ և միակ հարթակը Մինսկի խումբն է: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ կրթության և գիտության նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը`անդրադառնալով Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի իրադարձություններին:
«Մենք հետևում էինք ուղիղ եթերով քննարկումներին: Տխրեցի, որ քննարկումների ավարտից անմիջապես հետո սկսեցին ներքաղաքական ճաշակին համապատասխան արտաքին քաղաքականությունը մեկնաբանել: Այս խնդիրը չի կարելի դիտարկել բացառապես օրվա լրահոսի հոգեբանությամբ և տրամաբանությամբ: Այն, ինչ մենք տեսանք, սառցաբեկորի գագաթն էր: Ակհայտ է, որ տարվել է աշխատանք բոլոր կողմերից: Ակնհայտ է, որ շատ լավ է աշխատել հայկական կողմը և խոսքը չի գնում միայն պատվիրակության մասին: Այս գործին լծված են ԱԳՆ-ն, քաղաքական կուսակցությունները: Մենք ունենք արդյունք, որը մի կողմից կարելի է համարել բավարար, որովհետև, եթե համեմատում ենք չարյաց փոքրագույնի սկզբունքով, ակնհայտ է, որ Ուոլթերի զեկույցը ավելի մեծ չարիք էր»,- Արմենպրեսի փոխանցմամբ` նշեց Արմեն Աշոտյանը:
Նախարարի խոսքով` եվրոպական քաղաքական վերնախավը` իրական վերնախավը, շատ լավ գիտակցում է, որ Ղարաբաղյան խնդրի լուծման բացառիկ և միակ հարթակը Մինսկի խումբն է: «Ակնհայտ է, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վերաժողովը, բաղկացած լինելով ազգային խորհրդարանների պատգամավորներից, ավելի շատ է տրվում այս կամ այն ազդեցություններին: Անունը ԵԽԽՎ է, բայց ներկայացված են ազգային մակարդակով ընտրված պատգամավորները: Սա նաև եվրոպական քաղաքական համակարգի համար է մարտահրավեր, քանի որ ստացվում է, որ համաեվրոպական կառույցները, ինչպիսիք են` ԵԺԿ-ն, լիբերալները, սոցիալիստները, համաեվրոպական կառույցները` Եվրախորհրդարանը, Եվրահանձնաժողովը, ազդեցության մեխանիզմներ քիչ ունեն իրենց ազգային մակարդակով»,-շեշտեց Արմեն Աշոտյանը:
ՀՀԿ փոխնախագահի խոսքով` ադրբեջանական մամուլում դժգոհությունը երեկվա քվեարկությունից հետո ավելի մեծ է, և սա ակնհայտ է:
«Իհարկե, կար նաև քաղաքական հավասարակշռման խնդիր. կարծեք թե մեծ խնդրում հաղթեց Հայաստանը, որ չանցավ Ուոլթերի զեկույցը: Պետք է հասկանալ մի կարևոր բան` Հայաստանի և Արցախի խնդիրները բացառապես Հայաստանի և Արցախի քաղաքական վերնախավի` իշխանությունների և ընդդիմությունների խնդիրն է` որքանով մենք կկարողանանք ճիշտ աշխատել եվրոպական կառույցների հետ ու այս աշխատանքը չպետք է կրի արտակարգ իրավիճակի բնույթ, այլ լինի մշտական, հետևողական: Ես ԵԺԿ-ի օրինակով կարող եմ ասել, քանի որ վաղը նորից մասնակցելու եմ ԵԺԿ-ի քաղաքական համաժողովի, որտեղ նախապ ատրաստել եմ համապատասխան ելույթի»,-հավելեց նա:
Արմեն Աշոտյանի խոսքով` պետք է բոլոր լծակներն օգտագործվեն: «Պետք է հասկանան, որ արտաքին քաղաքական մարտահրավերներում ամենափոքրիկ անձնական կոնտակտը երբեմն ավելի կարևոր է լինում, երբ ինչ-որ մեկի հետ ունես անձնական հարաբերություններ, ճանաչում ես, փորձագետ կամ գործընկեր ես, քան` ամենասուր հարցազրույցը, որ տալիս ենք Հայաստանի մամուլում»,-եզրափակեց նա:
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում մեկնարկած հունվարյան նստաշրջանում չընդունվեց Ռոբերտ Ոուլթերի `«Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» զեկույցը:
Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովը փոփոխություններով ու լրամշակումներով ընդունեց Բոսնիայի ու Հերցեգովինայի ներկայացուցիչ Միլիցա Մարկովիչի «Ադրբեջանի սահմանամերձ բնակավայրերի բնակիչները կանխամտածված կերպով զրկվում են ջրից» թեմայով զեկույցը: