Էրդողանը բացառել է Թուրքիայում քրդական ինքնավարության ստեղծումը
International newsԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան երկրում ինքնավարություն եւ ինքնակառավարում թույլ չի տա` նկատի ունենալով Թուրքիայում արգելված Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) հետ զինված հակամարտությունը:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Անատոլու» լրատվական գործակալությունը, Էրդողանը հայտարարել է Անկարայում երկրի նոր սահմանադրության գծով համաժողովում:
«Մենք վճռականորեն պայքարելու են նրանց հետ, ովքեր փորձում են ինքնավարության եւ ինքնակառավարման անվան տակ պետության ներսում կառուցել իրենց պետությունը», -հայտարարել է նա:
Թուրքական իշխանությունները դեկտեմբերից պարետային ժամ են հայտարարել Թուրքիայի հարավարեւելյան քրդաբնակ մի շարք շրջաններում, մասնավորապես, Դիարբեքիրի Սուր շրջանում, Ջիզրեյում, Սիլոպիում, Մարդինի նահանգի Նուսայբին, Դարգեչիտ քաղաքներում: Ջիզրեյում եւ Սուրում շարունակվում են ուժայինների եւ PKK-ի զինյալների միջեւ փողոցային բախումները: Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի տվյալներով, դեկտեմբերի կեսերից այդ բախումներում մոտ 700 քուրդ մարտիկներ են սպանվել:
Էրդողանի այդ հայտարարության առնչությամբ ավստրիական Die Presse-ն գրել է, որ Թուրքիայի նախագահը «պատերազմում է» բոլոր ճակատներով՝ հրաժարվելով խոստովանել, որ հիմնական խնդիրը թաքնված է իր սեփական քաղաքականության մեջ` ընդգծելով, որ «թշնամիների» հետապնդումներով Էրդողանը կործանել է Թուրքիան:
«Դեռ մեկ տարի առաջ քրդերի հետ խաղաղ գործընթացը Էրդողանի քաղաքականության հիմնական կետերից էր: Բայց, համոզվելով այն բանում, որ առանց արյունահեղության հակամարտությունը կարգավորելու փորձերն առաջացրել են թուրքական ազգայնականների անվստահությունը եւ ընտրություններում բերել են Էրդողանի իշխող կուսակցության ձայների կորստին, նախագահը որոշել է արմատապես փոխել կուրսը: Նա հայտարարել է, որ խաղաղ գործընթացը մտել է փակուղի, եւ հանձնարարել ուժեղացնել PKK-ի վրա գրոհները, որոնք ներկայում վերաճել են քաղաքացիական պատերազմի», -ընդգծել է թերթը` հավելելով, որ Թուրքիայի համար վիրավորական են դարձել նաեւ Սիրիայում PKK-ի հաջողությունները:
Դրա հետ միասին, եւ’ PKK-ն, եւ’ Թուրքիայի քրդական քաղաքական կուսակցությունները հայտարարել են, որ ինքնավարության եւ ինքնակառավարման համար պայքարից չեն հրաժարվելու: