Ադրբեջանում եւ մեկ բանկ է փակվել
International newsՆավթի գնանկման պատճառով տնտեսական ճգնաժամում հայտնված Ադրբեջանում իրար հետեւից փակվում են բանկերը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով qafqazinfo.az կայքը Ադրբեջանի կենտրոնական բանկը երեկ որոշել է չեղյալ հայտարարել եւս մեկ բանկի` Texnikabank-ի գործունեության թույլտվությունը:
Նշենք, որ միայն այս ամիս Ադրբեջանում արդեն 7 բանկ է փակվել:
Բանկերի լիցենզիաները չեղարկվել են այն բանի հետ կապված, որ նրանց գումարային կապիտալը չի համապատասխանում ԿԲ-ի կողմից պահանջվող չափին, ինչպես նաեւ այն պատճառով, որ բանկերն ի վիճակի չեն վարկատուների առաջ կատարել իրենց պարտավորությունները եւ ընթացիկ հուսալի ղեկավարում ապահովել:
Միայն վերջին շաբաթվա ընթացքում Ադրբեջանում վերացվել են նաեւ United Credit Bank-ի, NBCBank-ի, Bank of Azerbaijan եւ «Գյանջա-բանկ»-ի գործունեության թույլտվությունները:
Հիշյալ բանկերից NBC Bank-ը հիմնադրվել է 1992 թվականի դեկտեմբերին: Մինչեւ 2003 թվականն այն կոչվել է «Ռուզու բանկ»: Unted Credit Bank-ը հիմնադրվել է 1996 թվականին:
Նավթի համաշխարհային գների անկումը սկսվելուց ի վեր Ադրբեջանում մինչ այժմ մոտ 18 բանկ փակվել է: Ներկայում Ադրբեջանում 38 բանկ է գործում:
Haqqin.az կայքն ավելի վաղ մեջբերել էր սոցցանցերում հայտնված ադրբեջանական բանկերից մեկի` Atlant Bank-ի` բանջարեղենի եւ մրգերի վաճառակետի վերածված լուսանկարը, որը հանդիսանում է Ադրբեջանի բանկային համակարգի կրախի ակնառու օրինակ: