2016 թվականին Ադրբեջանի ներմուծման ծավալները չեն գերազանցի 5 մլրդ դոլարը
International newsՀունվարին Ադրբեջան ներկրված ապրանքների ծավալներից ելնելով՝ կարելի է ենթադրել, որ 2016 թվականին ներմուծման ծավալները կարող են կազմել մոտ 5 մլրդ դոլար:
Այս մասին, ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, Բաքվում լրագրողներին հայտնել է Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեի փոխնախագահ Միրգասըմ Վահաբովը:
Նրա խոսքով` ապրանքների ներմուծման նախնական կանխատեսումները կազմել էին 9 մլրդ դոլար` 0,2 մլրդ դոլարով պակաս, քան 2015 թվականին: Սակայն, այդ կանխատեսումները պետք է վերանայվեն:
«Հունվարին ներմուծումը 65-70 տոկոսով պակասել է: Հետագա աճը կախված կլինի ադրբեջանական տնտեսության մեջ շոկային քայլերից հետո առեւտրի վերակենդանացման հետ: Մեր կանխատեսումները ցույց են տալիս, որ ներմուծումն անցյալ տարվա չափ չի լինելու»,- ըստ marja.az կայքի, ասել է նա:
Նշենք, որ 2014 թվականի օգոստոսից մանաթի փոխարժեքը կայուն պահելու վրա Ադրբեջանի կենտրոնական բանկը ծախսել է իր 15,193 մլրդ դոլար արտարժույթի պահուստի 10,176 մլրդ դոլար մասը կամ 67 տոկոսը: