Standart & Poor`s-ը իջեցրել է Ադրբեջանի վարկային վարկանիշը
International newsՄիջազգային վարկանիշային Standart & Poor’s գործակալությունը հունվարի 29-ին մեկ դիրքով իջեցրել է Ադրբեջանի երկարաժամկետ վարկային վարկանիշը եւ նրան շնորհել արտասահմանյան եւ տեղական արժույթով երկարաժամկետ եւ կարճաժամկետ սուվերեն վարկային BB+ մակարդակի վարկանիշ:
Ինչպես հաղորդում է Արմենպրեսը` վկայակոչելով Financial Times թերթը, հեղինակավոր գործակալությունն իր որոշումը հիմնավորում է նավթի եւ գազի գների նվազմամբ, ինչը բացասաբար է ազդել Ադրբեջանի տնտեսական ցուցանիշների վրա:
«Ազադլըգ» թերթը նշում է, որ գործակալության տերմինաբանությամբ` Ադրբեջանի վարկանիշը հասել է «աղբ» սահմանի:
Դրա հետ միասին Standart & Poor’s-ը Ադրբեջանի համար 2016 թվականին տնտեսության 1 տոկոս կրճատում է կանխատեսում: Այդ կանխատեսումը կիսում է նաեւ Արժույթի միջազգային հիմնադրամը:
Գործակալությունը գտնում է, որ Ադրբեջանի բյուջետային դեֆիցիտը շարունակվելու է նվազագույնը մինչեւ 2018 թվականը: Նշում է, որ Ադրբեջանի կենտրոնական բանկի պահուստի երկու երրորդով կրճատվելը վերջին 18 ամիսներին մեծացրել է երկրի էկոնոմիկայի համար արտաքին ռիսկերը: Դրա հետ միասին գործակալության փորձագետները գտնում են, որ մանաթի արժեզրկման պատճառով Ադրբեջանում բնակչության մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի դոլարային համարժեքը առաջիկա երեք տարիներին երկու անգամ կկրճատվի:
Գործակալությունը նաեւ զգուշացնում է, որ Ադրբեջանի կառավարությունը «կարող է սոցիալական կայունությունը պահպանելու ջանքերի հետ դժվարություններ ունենալ ծախսերը վերահսկողության տակ պահելու մեջ եւս»:
Ըստ «Ազադլըգ»-ի` սպասվում է, որ Standart & Poor’s-ի հետեւից Ադրբեջանի վարկային վարկանիշը կիջեցնի նաեւ Moody’s գործակալությունը: Իսկ դա իր հերթին նշանակելու է, որ Ադրբեջանն այսուհետ միջազգային վարկեր կարող է ներգրավել միայն ավելի մեծ տոկոսներով:
Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել էին, որ հունվարի 28-ից Բաքվում գտնվող ԱՄՀ-ի եւ ՀԲ-ի պաշտոնական ներկայացուցիչները Ադրբեջանի ղեկավարության հետ քննարկում են այդ երկրին 4 մլրդ դոլար վարկ տալու մասին: Բանակցությունները պետք է շարունակվեին մեկ շաբաթ: Սակայն, նշվում է, որ դրանք անակնկալ կերպով ավարտվել են: Դրանից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ու ֆինանսների նախարար Սամիր Շարիֆովը հայտարարել են, որ վարկ վերցնելու մասին խոսք չկա, ինչից կարելի է ենթադրել, որ Ադրբեջանի ղեկավարությունը վարկի տոկոսների հարցում համաձայնության չի եկել միջազգային առաջատար ֆինանսական կազմակերպությունների հետ: