Դորտմունդցիները կխաղան նոր` 4-1-2-2-1 մարտավարությամբ
SportԴորտմունդի «Բորուսիա»-ն Բունդեսլիգայի 2015-2016 մրցաշրջանի 19 -րդ տուրի հանդիպումը կանցկացնի «Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտում` իր հարկի տակ ընդունելով «Ինգոլշտադտ 04» թիմին:
Ինչպես տեղեկացնում է Արմենպրեսը, Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ և Դորտմունդի «Բորուսիա» ակումբի հարձակվողական ոճի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտավորված է մեկնարկային կազմում:
Դորտմունդցիները կխաղան նոր 4-1-2-2-1 մարտավարությամբ: Թոմաս Տուխելն այս անգամ ևս աջ պաշտպանի դիրքը վստահել է Լուկաշ Պիշչեկին` թողնելով պահեստայինների նստարանին Մաթիաս Գինտերին: Ռոյսը և Մխիթարյանը կխաղան առաջ քաշված կիսապաշտպանի դիրքում, թիկունքից օգնության կգան Իլկայ Գյունդոգանն ու Գոնսալո Կաստրոն: Գաբոնցի հարձակվող Պիեր- Էմերիկ Օբամեյանգը կխաղա ՝ առաջ քաշված հարձակվողի դիրքում: Տուխելի թիմը նման դասավորվածությամբ փորձելու է ճեղքել հակառակորդ թիմի պաշտպանությունը կենտրոնից:
Ռալֆ Հազենհյութլը ընտրել է իր թիմի համար 4-3-3 մարտավարությունը, ինչը ենթադրում է սեփական կիսադաշտում չթողնել ազատ գոտիներ: «Ինգոլշտադտ 04» -ը կփորձի գրոհել եզրերով և արագ հակագրոհներ կազմակերպելով: