Ադրբեջանի գլխավոր դատախազությունը սպառնում է լրատվամիջոցներին
International newsԱդրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարություն է տարածել՝ սպառնալով պատասխանատվության ենթարկել մի շարք կայքերի այս տարվա հունվարին մարզերում ժողովրդական ցույցերի մասին «կեղծ» տեղեկություններ տարածելու համար, տեղեկացնում է contact.az-ը։
Մասնավորապես կեղծիքի մեջ են մեղադրել Jam.az, Qaynar-media եւ Pia.az կայքերը։ «Այդ լրատվամիջոցներից պահանջել են վերջ տալ կեղծ եւ զրպարտիչ լուրեր տարածելուն։ Այդ պահանջներն անտեսելու դեպքում դատախազությունն ավելի լուրջ միջոցների կդիմի»,- ասված է հայտարարության մեջ։ Դատախազությունն ավելի վաղ նման նկատողություն էր արել նաեւ Qaynar.info կայքին։
Ինչպես նախորդ անգամ, դատախազությունը հիշատակել է Մամուլի խորհրդի եզրակացությունները, որոնք արվել էին հունվարին լրատվամիջոցների մշտադիտարկման ավարտին։ Վերոնշյալ լրատվամիջոցներին նաեւ մեղադրում են սադրիչ կոչեր հնչեցնելու եւ տարբեր քաղաքներում սպասվելիք ակցիաների մասին լուրեր տարածելու մեջ։