Տուսկը եւ Քեմերոնը առաջընթաց են արձանագրել ԵՄ-ի եւ Լոնդոնի հարաբերությունների վերանայման բանակցություններում
International newsԵվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնի հետ կայացած հանդիպումից հետո լրագրողներին հայտարարել է, որ առայժմ չի հաջողվել համաձայնության հասնել ԵՄ-ի եւ Մեծ Բրիտանիայի հարաբերությունների վերանայման շուրջ բանակցություններում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Ենթադրվում էր, որ համաձայնագրի նախագիծը Եվրոպայի երկրների ղեկավարներին կներկայացվի փետրվարի 1-ին՝ ԵՄ-ի առաջիկա գագաթնաժողովի նախաշեմին:
Տուսկը եւ Քեմերոնը հանդիպում են անցկացրել Լոնդոնի Դաունինգ-սթրիթում Բրիտանիայի վարչապետի նստավայրում:
Քեմերոնը Twitter-ում գրել է, որ Տուսկի հետ հանդիպումը հաջող է անցել, եւ որ Եվրախորհրդի նախագահը համաձայնել է բանակցությունները երկարացնել եւս 24 ժամով:
Ինչպես հայտնել են ԵՄ-ի ղեկավարությանը մոտ կանգնած աղբյուրներ, Տուսկի թիմը Քեմերոնի հետ իր ղեկավարի հանդիպման ավարտից հետո մնացել է Դաունինգ-սթրիթում՝ լրամշակելու նախագիծը:
«Տուսկը հասկանալ է տվել, որ պլանավորում է ԵՄ-ի անդամ բոլոր երկրների պատվիրակությունների շրջանում համաձայնագրի նախագծի տեքստը տարածել փետրվարի 2-ին»,- ասված է վարչապետի դիվանատան հայտարարության մեջ:
Եվրամիության ղեկավարների գագաթնաժողովն, ինչպես սպասվում է, տեղի կունենա փետրվարի 18-19-ին: