Գերմանիայի ԱԳ նախարարը մերձավորարեւելյան շրջագայությունն սկսում է Իրան այցով
International newsԳՖՀ-ի ԱԳ նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը փետրվարի 2-ին Թեհրանում հանդիպում կունենա Իրանի իր պաշտոնակից Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ: Սա գերմանական դիվանագիտության ղեկավարի առաջին ուղեւորությունն է Իրան այն բանից հետո, երբ չեղյալ հայտարարվեցին Իսլամական Հանրապետության դեմ սահմանված պատժամիջոցները: Ինչպես սպասվում է, Շտայնմայերը հանդիպում կունենա նաեւ Իրանի մեջլիսի խոսնակ Ալի Լարիջանիի հետ:
Ենթադրվում է, որ բանակցությունների հիմնական թեմաներից մեկը կդառնա Սիրիայի իրադրությունը, ինչպես նաեւ Ժնեւում բանակցային գործընթացը Սիրիայի ընդդիմության եւ կառավարության ներկայացուցիչների միջեւ:
Ավելի վաղ Բեռլինում նշել են, որ Թեհրանը բոլոր հնարավորություններն ունի ավանդ ներդնելու ոչ միայն արաբական այդ հանրապետությունում, այլեւ մերձավորարեւելյան ողջ տարածաշրջանում իրադրության կարգավորման գործում: «Մենք Իրանի կարիքն ունենք այդ տարածաշրջանում հակամարտությունների կարգավորման եւ կայունության հասնելու համար»,- ասել է Շտայնմայերը:
Բեռլինում այն կարծիքին են, որ Սիրիայի իրադրության կարգավորման հարցում, Իրանից բացի, հանգուցային դեր է խաղում նաեւ Սաուդյան Արաբիան: Դրա համար էլ ԳՖՀ-ի ԱԳ նախարարը Թեհրանից անմիջապես հետո կուղեւորվի Սաուդյան Արաբիա:
Գերմանիայի ԱԳ նախարարությունում ՏԱՍՍ-ին հայտնել են, որ Էր Ռիադ Շտայնմայերը կուղեւորվի փետրվարի 3-ին եւ, ենթադրաբար, այնտեղ կգտնվի մինչեւ հինգշաբթի: Նախատեսվում է, որ նրան կընդունի Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Ադել ալ Ջուբեյրը: