Ադրբեջանի կենտրոնական բանկը մեկ ամսում 618 մլն դոլար է կորցրել
International newsԱդրբեջանի կենտրոնական բանկի տրամադրության տակ եղած պաշտոնական արտարժույթի ծավալը 2016 թվականի փետրվարի 1-ի դրությամբ կազմել է 4 մլրդ 398,5 մլն դոլար, ինչը 8 մլրդ 282,3 մլն դոլարով կամ 2,9 անգամ փոքր է անցյալ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշի համեմատ:
Այս մասին հայտնում է APA լրատվական գործակալությունը:
2016 թվականի հունվարին, 2015 թվականի դեկտեմբերի համեմատ, Ադրբեջանի ԿԲ-ի արտարժությի պահուստը կրճատվել է 618,2 մլն դոլարով կամ 4,88 տոկոսով:
2015 թվականին նավթի արտահանումից Ադրբեջանի ընդհանուր կորուստը կազմել է 10 մլրդ դոլարց ավելի: 2014 թվականի օգոստոսից մանաթի փոխարժեքը կայուն պահելու վրա Ադրբեջանի կենտրոնական բանկը ծախսել է իր 15,193 մլրդ դոլար արտարժույթի պահուստի 10,176 մլրդ դոլար մասը կամ 67 տոկոսը: Ադրբեջանի կառավարությունը շտկում է կատարել 2016 թվականի պետբյուջեում` նավթի մեկ բարելի գինը 50 դոլարի փոխարեն հաշվառելով 25 ԱՄՆ դոլար: Ֆիննախարար Սամիր Շարիֆովը հայտարարել է, որ դրա հետ միասին` 2016 թվականի պետբյուջեում 1,7 մլրդ մանաթ դեֆիցիտ է կանխատեսվում:
Միջազգային վարկանիշային Standart & Poor`s գործակալությունը հունվարի 29-ին մեկ դիրքով իջեցրել է Ադրբեջանի երկարաժամկետ վարկային վարկանիշը եւ նրան շնորհել արտասահմանյան եւ տեղական արժույթով երկարաժամկետ եւ կարճաժամկետ սուվերեն վարկային BB+ մակարդակի է վարկանիշ: Գործակալության տերմինաբանությամբ` Ադրբեջանի վարկանիշը հասել է «աղբ» սահմանի: Սպասվում է, որ Standart & Poor`s-ի հետեւից Ադրբեջանի վարկային վարկանիշը կիջեցնի նաեւ Mood`s գործակալությունը: Իսկ դա իր հերթին նշանակելու է, որ Ադրբեջանն այսուհետ միջազգային վարկեր կարող է ներգրավել միայն ավելի բարձր տոկոսներով:
Եթե Ադրբեջանին այդուհանդերձ հաջողվի ԱՄՀ-ից եւ ՀԲ-ից 4 մլրդ դոլար պարտք վերցնել, ապա 2016 թվականին նրա արտաքին պետպարտքը կկազմի 14,6 մլրդ մանաթ (1$=1,6008 մանաթ):