Աշխարհահռչակ շանսոնյե, Շվեյցարիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Շառլ Ազնավուրը The Hollywood Reporter-ին տված հարցազրույցում ասել էր, որ ինքն ինքնուրույն է աշխատում և իր անելիքների մասին ՀՀ նախագահին չի հարցնում, սակայն հետո իր քայլերի մասին տեղեկացնում է: Մեկ այլ` Վրաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Յուրի Վարդանյանը իր՝ ծանրաձող բարձրացնելու ընթացքում արված լուսանկարը շրջանակի մեջ նվիրել է Վրաստանի Արտաքին գործերի նախարարին, ինչը Վրաստանում ընդունվել էր որպես Խորհրդային միության խորհրդանիշ: Ինչ նշանակություն ունի նման քաղաքական որոշումները Հայաստանի վարած արտաքին քաղաքականության վրա, և արդյոք հեղինակավոր մարդկանց դեսպանի պաշտոնում նշանակելն արդարացնում է նպատակը, ORER.am-ը զրուցեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանի հետ: Քաղաքագետը ցանկություն չհայտնեց աշխարհահռչակ շանսոնյեին մեկնաբանելու: Նրա խոսքով` մեղավորը նրան դեսպանի պաշտոնում նշանակողներն են.«Ես չեմ ցանկանում մեկնաբանել Շառլ Ազնավուրին, , նա մեծ երգիչ է, բայց պարտավոր չէ քաղաքական գործիչ լինել, առավել ևս պետական չինովնիկ: Այստեղ մեկնաբանեմ այն մարդկանց, ովքեր փորձում էին օգտագործել Շառլ Ազնավուրի հեղինակությունը և պախկվելով Շառլ Ազնավուրի ետևում փորձում էին կոմպենսացնել իրենց ցածր վարկանիշը: Հասկանալի է, որ Ազնավուրը քայլեր է անում, որը ճիշտ չէ զուտ պետական տեսանկյունից, որովհետև մեծ հաշվով ցանկացած դեսպան պետք է իր քայլերը կոորդինացնի պետության ինստիտուտների հետ»:
Քաղաքագետը նաև նշեց, որ դիվանագետը պետք է լինի դիվանագետ, հայտնի կամ հեղինակավոր մարդը, երգիչը, մարզիկը պարտավոր չեն լավ դիվանագետներ լինել.«Յուրի Վարդանյանը Վրաստանի արտաքին գործերի նախարարին Խորհրդային միության խորհրդանիշներ է նվիրում, դա, բնականաբար, հակառակ ռեակցիա է առաջացնում Հայաստանի համար շատ կարևոր նշանակություն ունեցող երկրում»:
Քաղաքագետի խոսքով` նման դեպքերում պետք է մեղադրել ոչ թե Յուրի Վարդանյանին, այլ նրան Վրաստանում ՀՀ դեսպան նշանակողներին.«Պետք է մեղադրել այն մարդկանց, ովքեր որպես շնորհակալություն Յուրի Վարդանյանին նշանակել են այդ պաշտոնում»:
Բեթղեհեմ Արաբյան