Shell-ը 10 հազար աշխատակիցների կկրճատի շահույթի ռեկորդային անկման պատճառով
International newsRoyal Dutch Shell նավթընկերությունը հաստատել Է 10 հազար աշխատատեղերի կրճատումը: Պատճառը դարձել Է շահույթի ամենազգալի նվազումը վերջին 13 տարվա ընթացքում. չորրորդ եռամսյակում ընկերությունը վաստակել Է ընդամենը 1,8 մլրդ դոլար՝ մեկ տարի առաջվա 3,3 մլրդ դոլարի դիմաց, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
2015 թվականի ընթացքում եկամուտներն ընդհանուր առմամբ կազմել են 3,8 մլրդ դոլար՝ 2014 թվականի 19 միլիարդի համեմատությամբ:
Վերլուծաբաններն ընկերության եկամուտների անկում Էին կանխատեսում նավթի գների նվազման ֆոնին: Ընկերության հայտարարության մեջ ասվում Է, որ այն մի շարք միջոցներ Է ձեռնարկել, որպեսզի կարգավորի վառելիքի գների անկման հետ կապված խնդիրները: Այդ որոշումներից մեկը դարձել Է անձնակազմի կրճատումը:
Ընկերությունը հրաժարվել Է բազմաթիվ խոշոր նախագծերից, օրինակ, Ալյասկայի ափերի մոտ, ծովում նավթի հետախուզման ծրագրից: Ընդամենը 2016 թվականի համար կորպորացիայի կապիտալ ծախսերը կնվազեն 1,7 մլրդ դոլարով, հաղորդում Է Reuters-ը: 2015 թվականին կորպորացիայի կապիտալ ծախսերն արդեն նվազեցվել են 8,4 մլրդ դոլարով՝ մինչեւ 28,9 մլրդ դոլար: