ՀՀԿ-ն ճնշում չի զգա, եթե ՄԻՊ ընտրվի իր թեկնածուն
PoliticsՀանրապետական կուսակցությունն իր վրա ճնշում չի զգա, եթե Ազգային ժողովում քննարկումների արդյունքում Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ընտրվի իր թեկնածուն` Արման Թաթոյանը: Այդ մասին հրավիրված ասուլիսում նշեց Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը: «Բացառում եմ, որ Հանրապետականը Թաթոյանի ընտրության դեպքում ճնշում կզգա, քանի որ ՄԻՊ-ն ընտրվելու է Ազգային ժողովի կողմից: Ի վերջո, բոլոր պաշտոնյաներն էլ անցնում են Խորհրդարանով»,- Արմենպրեսի փոխանցմամբ` ասաց Մինասյանը:
Միաժամանակ նա նշեց, որ քննարկումները ցույց կտան, թե ով կդառնա Մարդու իրավունքների պաշտպան:«Կդժվարանամ որոշակի տեսակետ ներկայացնել Թաթոյանի թեկնածության ընտրության մասին, քանի որ խմբակցությունում տեղի ունեցած քննարկումներին ընդամենը 10 րոպե եմ մասնակցել: Միաժամանակ, կարծում եմ, որ Արման Թաթոյանի երիտասարդ լինելը որևէ խոչընդոտ չի լինի նրա գործունեության համար» - նշեց պատգամավորը:
Նա համոզմունք հայտնեց, որ խորհրդարանում քննարկումների ընթացքում պատգամավորները կլինեն իրենց բարձրության վրա և կընտրեն Մարդու իրավունքների արժանի պաշտպանի: Գագիկ Մինասյանը հրաժարվեց որևէ տեսակետ հայտնել ՄԻՊ պաշտոնում «Օրինաց Երկիր» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների թեկնածուների վերաբերյալ: